«Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանը հարցազրույց է տվել ադրբեջանական Turan գործակալությանը10 հունվարի 2011 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական Turan գործակալությունը հարցազրույց է հրապարակել «Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանի հետ: «Ընդհատված երգը» հայ-ադրբեջանական արդի հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն է: Դրա նկարահանումներն այժմ ընթանում են Մոսկվայում: Պրեմիերային առնչվող հարցին ի պատասխան, Մանուկյանը հայտնել է, որ կինոնկարը պատրաստ կլինի մայիսի վերջին: «Այդ ժամանակ էլ, Մոսկվայի կենտրոնական կինոդահլիճներից մեկում, կանցկացնենք գլխավոր պրեմիերան: Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը, ծրագրում ենք Ռուսաստանից, Հայաստանից և Ադրբեջանից բացի, «Ընդհատված երգի» պրեմիերան կազմակերպել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և բալկանյան մի շարք երկրների մեծ էկրաններին»: Ադրբեջանական կինեմատոգրաֆիստների հետ համատեղ Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու մասին հարցին Արիկ Մանուկյանը պատասխանել է, որ նման առաջարկներ կքննարկի միայն Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման դեպքում: Կինոնկարի ֆինանսավորման հետ կապված` Արիկ Մանուկյաը նշել է, որ սկզբում այն իրականացվում էր նկարահանող խմբի ղեկավարների` իր և գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի անձնական միջոցներով, սակայն ԶԼՄ-ների բուռն արձագանքի շնորհիվ նախագծով հետաքրքրվել են որոշ ներդրողներ, որոնց հետ այժմ բանակցություններ են ընթանում: «Լրացուցիչ ֆինանսական միջոցներն անհրաժեշտ են տարբեր արտասահմանյան երկրներում ֆիլմի պրեմիերաներն ու ցուցադրությունները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Մենք պատրաստ ենք դիտարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխում»,- հայտարարել է նա: Մանուկյանն ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում կոշտ քննադատության է ենթարկել ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ողջ թափով շարունակում են ֆիլմի վարկաբեկմանն ուղղված հերյուրանքի քարոզարշավը: «Ադրբեջանական ԶԼՄ-ների մղումը` ամեն գնով նսեմացնել այն, ինչն իրականացվում է հայերի կողմից, ժամանակի ընթացքում հանգեցրել է նրան, որ այդ տեղեկատվական ռեսուրսները դադարել են ընկալվել որպես նշանակության արժանի վերլուծությունների կրող»,- ասել է Մանուկյանը: Ռեժիսորը հիշեցրել է նաև Ղարաբաղում գտնվող հայկական հարյուրավոր եկեղեցիների և վանական համալիրների մասին: Նրա խոսքերով, Արցախում շատ հեշտ է «ազգի թշնամու» համբավ ձեռք բերել: Դրա համար անհրաժեշտ է միայն ազատագրված հողերն Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցություն սկսել: Իսկ գնալ մի ժողովրդի դեմ, որի ամեն ընտանիքում Ադրբեջանի կազմում ապրել չցանկացող հայրենիքի ջերմեռանդ պահապան է ապրում, նշանակում է նոր պատերազմ սկսել: Միջազգային հանրությունը երբեք այդպիսի ծայրահեղ քայլի չի դիմի: Դրանից բացի, կարևոր է նաև այն հանգամանքը, որ ղարաբաղյան զինուժը վերահսկում է բոլոր ռազմավարական բարձունքները: Դա նշանակում է, որ պատերազմը կլինի անհավասար և արյունահեղ: Նման քայլի երբեք չի դիմի և ինքը` Ադրբեջանը»: Turan գործակալությանը տված Արիկ Մանուկյանի հարցազրույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ http://www.contact.az/topics_ru.asp?id=128&pb=19&vr=ru&yr=2011&mdn=1 կայքում: Արիկ Մանուկյանը ծնվել է 1984 թվականին Երևանում: 1998-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: 2008-ին ավարտել է Մոսկվայի մշակույթի և արվեստների պետական համալսարանի կինոռեժիսուրայի ֆակուլտետը: Հանդիսանում է չորս գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր` «Խաշ», «Մասնավոր ճամփորդություն», «Մամոչկա» և «Երիտասարդ ցեղ»: «Ընդհատված երգը» Արիկ Մանուկյանի հինգերորդ կինոնկարն է: Սցենարի համաձայն, Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ մի հայ ու մի ադրբեջանցի ընկնում են հորը, ուր անճարակությունն ու անելանելի վիճակը հարկադրում են երկխոսության: Հերոսներից յուրաքանչյուրը խոսում է իրեն հուզող ցավերի մասին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |