Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, մեծ ցավով տեղեկացա Իրանում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են տասնյակ մարդիկ»:
«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն, ուժ ու կորով, իսկ փրկվածներին` արագ ապաքինում և վերականգնում: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը», ասվում է հեռագրում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: