Ձյուդոյի Հայաստանի հավաքականը 2011-ի առաջին մրցաշարը կանցկացնի Թբիլիսիում

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը 2011-ի առաջին մրցաշարը կանցկացնի Թբիլիսիում

PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի հավաքականը հունվարի 14-ին Աբովյանում սկսել է 2011-ի առաջին ուսումնամարզական հավաքը: Հավաքը տևելու է մինչև հունվարի 26, իսկ հետո թիմը գլխավոր մարզիչ ռումինացի մասնագետ Ադրիան Կրիոտուրի գլխավորությամբ Թբիլիսիում հունվարի 29-30-ը մասնակցելու է Աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Թբիլիսիում Հայաստանի հավաքականը հանդես է գալիս ընդլայնված կազմով` 12 մարզիկներով: Այնուհետև հավաքականի անդամները փետրվարին մասնակցելու են տարբեր միջազգային մրցաշարարերի: Բոլոր մրցաշարերը վարկանիշային են, որոնցում խաղարկվելու են Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցության համար միավորներ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Արթուր Գևորգյանը:

Մինչև Եվրոպայի առաջնությունը, հայ ձյուդոիստները փետրվարի 4-5-ը Փարիզում հանդես են գալու «Մեծ սաղավարտի» մրցաշարում, փետրվարի 12-13-ը Բուդապեշտում` Աշխարհի գավաթի խաղարկությունում, փետրվարի 19-20-ը Դյուսելդորֆում` Գրան պրիում, փետրվարի 26-27-ը Վարշավայում` Աշխարհի գավաթում:

«Մրցաշարերի միջև ժամանակամիջոցում հայ ձյուդոիստներն անցկացնելու են հավաքներ, և բոլոր այդ մրցաշարարերը և հավաքները մարզիկներին հնարավորություն են տալու լավ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 21-24-ը Ստամբուլում»,- ասել է Գևորգյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---