Հայաստանում թմրամիջոցներ պարունակող մի շարք դեղեր վաճառվելու են միայն դեղատոմսերով

Հայաստանում թմրամիջոցներ պարունակող մի շարք դեղեր վաճառվելու են միայն դեղատոմսերով

PanARMENIAN.Net - Հայաստանի դեղատներում վերջերս «Թիանեպտին» («Կոաքսիլ»), «Տրոպիկամիդ», «Սեդալգին» և «Պրեգաբալին» («Լիրիկա») դեղերի վաճառքի աճ էր արձանագրվել:

Առողջապահության նախարարության կողմից կատարված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված դեղերն այլ դեղերի կամ նյութերի համադրմամբ կարող են օգտագործվել որպես հոգեմետ նյութեր: Ստացված պատրաստուկների գործածումն արագ առաջացնում է և' ֆիզիկական, և' հոգեկան կախվածություն, ինչպես նաև վարքային տարբեր խանգարումներ, իսկ գերդոզավորումը բերում է մահվան:

Հաշվի առնելով խնդրի հասարակական հնչեղությունն ու վտանգավորությունը մարդկանց առողջության համար` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ միջոցառումներ է իրականացրել նշված դեղերի ազատ վաճառքը սահմանափակելու ուղղությամբ:

Մասնավորապես, 2010թ. դեկտեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1646-ն որոշմամբ լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների N 3 ցուցակում»: Վերոհիշյալ ցանկում ընդգրկվել են «Թիանեպտին», «Տրոպիկամիդ», «Պրեգաբալին» և «Սեդալգին»` պարացետամոլ, մետամիզոլ (մետամիզոլի նատրիումական աղ), կոֆեին, ֆենոբարբիտալ, կոդեին ֆոսֆատ» դեղերը:

Որոշումը պաշտոնապես հրապարակվել է 2010թ. դեկտեմբերի 22-ին և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը` 2011 թվականի հունվարի 21-ին:

Այսպիսով` հունվարի 21-ից «Թիանեպտին» («Կոաքսիլ»), «Տրոպիկամիդ», «Պրեգաբալին» («Լիրիկա») և «Սեդալգին» դեղերը դեղատներում վաճառվելու են միայն բժշկական կազմակերպություններից դուրս գրված հոգեմետ դեղատոմսերով:

Բացի այդ, այս դեղերի շրջանառության նկատմամբ կիրառվելու են բոլոր սահմանափակումները, որոնք նախատեսված են «Հայաստանի Հանրապետության հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների N 3 ցուցակում» ընդգրկված դեղերի համար, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---