Մարտի 23-28-ը Քուվեյթում անցկացվելու են հայկական մշակույթի օրեր

PanARMENIAN.Net - Մարտի 23-28-ը Քուվեյթում անցկացվելու են հայկական մշակույթի օրեր: Միջոցառումները կնախաձեռնվեն հայ-քուվեյթյան մշակութային համագործակցության շրջանակներում` հիմք ընդունելով 2009 թ. նոյեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Քուվեյթի Պետություն կատարած այցի ընթացքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Քուվեյթի Պետության Կառավարության միջև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» մշակութային համաձայնագիրը:

Ծրագրում նախատեսվում են վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլի համերգներ և հայ ժամանակակից 7 գեղանկարիչների գործերի ցուցահանդես:

Մշակույթի օրերի պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով հանդիպումներ կունենա Քուվեյթի մշակույթի, արվեստի և տեղեկատվության ազգային խորհրդի նախագահ Բադեր Ալ Ռիֆայիի, և այլ պաշտոնատար անձանց հետ:

Մշակույթի նախարարի այցի ընթացքում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Քուվեյթի Պետության Կառավարության միջև 2011-2012-2013 թթ. համագործակցության մասին մշակութային համաձայնագրի» գործնական ծրագրի ստորագրումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---