ՆՓԱԿ-ում կներկայացվի Վահան Ղուկասյանի «Ծաղկավոր գույների երեխաները» նախագիծը15 մարտի 2011 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Վահագն Ղուկասյանի անհատական աշխատանքների «Ծաղկավոր գույների երեխաները» նախագիծը, որ իրականացվում է Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, հանդիսատեսին հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ անդրադառնալ գեղանկարչական արվեստի ինքնավարությանը և նրա ազատագրող էությանը` վերապրելով գեղանկարչության պատմությունը որպես մեկ արվեստագետի նկարչական կենսագրություն: «Ծաղկավոր գույների երեխաները» նախագիծը կազմված է երկու գեղանկարչական շարքից` «Ծաղիկների իշխանություն» և «Գույների արվեստանոց»: «Ծաղիկների իշխանություն» շարքը բաղկացած է ութ կտավներից: Դրանցից հինգում ամբողջ մակերեսով մեկ պատկերված են ծաղիկներ, իսկ երեքը դիմանկարներ են, ուր ծաղիկները շարունակում են իմաստային և պատկերային գերակա դեր խաղալ: Այն կտավները, որտեղ միայն ծաղիկներ են պատկերված, մեզ տեղափոխում են հայկական մոդեռն նկարչության դասականների աշխարհը, որ սկսվում է Մարտիրոս Սարյանի ծաղկազարդ նկարներով և հասնում մինչև Վիգեն Թադևոսյանի վերացական կոմպոզիցիաները: «Ծաղիկների իշխանություն» շարքի երեք դիմանկարներում ամբողջովին ծաղիկների մեջ սուզված ֆիգուրներ են: «Ծաղկամայր» վերնագրով դիմանկարում 60-70-ականների «ծաղիկների երեխաների» սերնդի ներկայացուցիչն է: Նա մեկ ակնթարթ շեղվել է իր տրանսցենդենտալ գրականությունից և ուշադիր նայում է մեր հասարակությանը, ուր ապրում են իր զավակները, որոնք «հիպիական հեղափոխության» դեռևս չիրականացած խոստումներով ձևավորված սերունդն են: Նրանք, ինչպես և նրանց ծնողները, առանց չափազանցության իրենք իրենց կարող էին կոչել «սիրո ամառվա» կամ «ծաղիկների երեխաներ»: «Կրակ» վերնագրով կտավի մեջ գունավոր ծաղիկների միջավայրում գունավոր բանջարեղենով խորոված սարքող «ծաղիկների երեխաներ»-ի «ամառային սիրո» զավակն է, ով ժպիտը դեմքին նայում է մեզ և ձեռքի վստահ ժեստով խոստանում ազատության հաղթանակը: «Գույների արվեստանոց» շարքը կազմված է տասնհինգ կտավներից, որոնք տարբեր դիտակետերից ցուցադրում են նկարչության ավանդական տեխնիկայի գործիքները` մոլբերտ, կտավներ, պալիտրա, վրձիններ, ներկեր և այլն: Արվեստանոց, որ նայում է ինքն իրեն: Հատակին դրված նկարչական պիտույքները նայում են մոլբերտի վրա դրված ու պատին կպցրած կտավներին և հակառակը` մոլբերտի վրա դրված ու պատին կպցրած կտավները նայում են հատակին ու աթոռներին դրված ներկերին, վրձիններին: Եվ այս ամենը կոնտրաստների ու ռիթմերի, լույսերի և գույների մեջ: «Գույների արվեստանոց»-ն արտադրում է ինքն իրեն: Արվեստը ոչ մի իմաստ չունի, նրա միակ իմաստը ինքն իրեն իմաստավորելն է, որ հնարավոր է դառնում, երբ ներկերն իրենք են նկարում, երբ ամենատարբեր գույների վիձինները ազատորեն ռիթմեր են ստեղծում սպիտակ մակերեսի վրա: «Ծաղկավոր գույների երեխաները» նախագիծը գեղանկարչական մենախոսություն է` արտասանված ներկայի անտարբեր աղմուկի և ապագայի ուշադիր լռության մեջ: Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 2-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |