Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույց է. ցուցարարները պահանջում են անօրինական ճանաչել Մոսկվայի պայմանագիրը

Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ցույց է. ցուցարարները պահանջում են անօրինական ճանաչել Մոսկվայի պայմանագիրը

PanARMENIAN.Net - Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի է ունենում ՀՅԴ երիտասարդական թևի բողոքի ցույցը: Ակցիային մասնակցում են ավելի քան 100 երիտասարդներ: Հավաքվածներն ընթերցել են ռուսական իշխանություններին ուղղված բողոքի նամակը` պահանջելով անօրինական համարել 1921-ի Մոսկվայի պայմանագիրը:

Ինչպես հայտարարել է հավաքվածներին ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչ Հարութ Ղազարյանը, ցուցարարները չեն ցրվի այնքան ժամանակ, մինչև դուրս չգա դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը կամ նրանց թույլ տան մտնել դեսպանատուն և հանձնել նամակը:

Ցուցարարները երգում են հայրենասիրական երգեր, ինչպես նաև վանկարկում են «Ամոթ», «Ազգասպան Թուրքիան չի կարող լինել Ռուսաստանի բարեկամը» կարգախոսները, ցուցարաները ձեռքերում պահում են «16.03.21` մեծագույն հանցագործության օր», «Էրդողան` Աթաթուրք, Մեդվեդև` Լենի՞ն», «Կարս-Ղարաբաղ-Նախիջևան` դավաճանության գինը» գրություններով ցուցանակներ:

Դեսպանատան պահակախումը հայտնել է ցուցարարներին, որ դեսպանատնից ոչ ոք նրանց մոտ դուրս չի գալու և առաջարկել նրանց նամակը հանձնել դեսպանատան փոստարկղի միջոցով: Դա առաջացրել է հավաքվածների դժգոհությունը, որոնք բացականչել են «Ամոթ»:

1921 թվականի Մոսկվայի պայմանագիր

90 տարի առաջ մարտի 16-ին քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը կնքել են եղբայրության և բարեկամության մասին պայմանագիր: Մոսկվայի պայմանագրի հետևանքով Թուրքիային են անցել 30 հազար քառակուսի կմ հայկական տարածքներ: Այդ տարածքները զավթվել էին Հայաստանի դեմ Թուրքիայի զինված ագրեսիայի արդյունքում, որն ավարտվել էր պայմանագրի ստորագրումից ընդամենը 3,5 ամիս առաջ:

Մոսկվայի պայմանագիրն այսպիսով կոչված էր Թուրքիային հանձնել նվաճված հայկական տարածքները, իսկ բոլշևիկները ճանաչել են թուրքական ագրեսիայի արդյունքները: Մոսկվայի պայմանագիրը (III հոդված), «որոշում» է նաև Նախիջևանի ճակատագիրը, որը ոչ մի կապ չուներ ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի հետ. «պայմանավորվող երկու կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը պայմանագրի I դրույթում նշված սահմաններում կազմում է ինքնավար տարածք Ադրբեջանի ենթակայության տակ այն պայմանով, որ Ադրբեջանը չի զիջի իր պրոտեկտորատը երրորդ երկրի»:

 Ուշագրավ
---