Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը Կանանց պատմության միամսյակին նվիրված համերգ կայացավ

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին ԱՄՆ դեսպանատանը Կանանց պատմության միամսյակին նվիրված համերգ կայացավ: ԱՄՆ դեսպանության հյուրերն էին դեսպանատան նախաձեռնած 2010 և 2011թթ. կանանց մենթորական կամ ուղղորդող-խորհրդատուների ծրագրի մասնակիցները: Ներկաների համար հանդես եկավ JAZZEL վոկալ խումբը, որի կազմում միայն կանայք են: Երեկոյի մասնակիցներին ողջունեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուն` համառոտ անդրադառնալով ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ կանանց հիմնահարցերին տրվող մեծ կարևորությանը: Նա շեշտեց, որ երբ կանայք երկրի հասարակական ու քաղաքական կյանքին լիակատար մասնակցություն են ունենում, դրանից շահում է ողջ հասարակությունը:

Կանանց պատմության միամսյակը նշվում է ամեն տարի մարտին` արժանին մատուցելու այն ներդրումներին, որ ամերիկյան պետության ձևավորման գործում ունեցել են կանայք:

2010թ. ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ մեկնարկեց Կանանց մենթորական ծրագիրը: Միացյալ Նահանգներում մենթորական պրակտիկան լայնորեն կիրառվում է և դրա օգնությամբ մարդիկ, ովքեր կյանքում և աշխատանքում հասել են հաջողությունների, թրծում և օգնում են առաջնորդների հաջորդ սերնդին: Մենթորները խորհուրդներ են տալիս աշխատանքային կարիերայի վերաբերյալ, կիսում են իրենց փորձը և օրինակ ծառայում խոստումնալի ուսանողներին: Հայաստանի 2010թ. ծրագրին որպես մենթոր մասնակցել են 45 կին` տարբեր մասնագիտական ոլորտներից, իսկ նրանց հովանավորյալներն էին Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 ուսանողուհիներ: Այս տարի ծրագրին մասնակցում են 61 մենթոր և 61 ուսանողուհի, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---