Զատիկի նախաշեմին Հայաստան կներկրվի 1 միլիոն հատ ձու

Զատիկի նախաշեմին Հայաստան կներկրվի 1 միլիոն հատ ձու

PanARMENIAN.Net - Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան հանդիպում է անցկացրել Հայաստանի գյուղատնտեսության նախարարության, թռչնաֆաբրիկաների ասոցիացիայի հետ, որի ընթացքում քննարկվել է շուկայում տիրող իրավիճակը: Այդ մասին ապրիլի 19-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: «Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հավաստիացրել է, որ Զատիկից առաջ բնակչությունը ձվի պակաս չի զգա»,- ասել է նա և հավելել, որ ասոցիացիայի կողմից անցկացված դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ հնարավոր է 1 մլն հատ ձվի դեֆիցիտ, որոնք ներկրվելու են, ստեղծվելու է ռեզերվային հիմնադրամ` անհրաժեշտության դեպքում դրանք շուկա հանելու համար: Դրա հետ կապված` Մելիտա Հակոբյանը նշել է, որ ձու արտադրողները պարտավորվում են չբարձրացնել ձվերի գները և չկրճատել արտադրության ծավալները:

Այդ ընկերությունների շարքում է «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան, որի շահերի պաշտպան Իրինա Հակոբյանը հավաստիացրել է, որ այսօր ընկերությունն արտադրում է այնքան ձու (150 հազար հատ), որքան ամեն օր, և Զատիկի շրջանում դրանց դեֆիցիտ չի լինելու:

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մարտի 30-ին ներկայացրել է մարտի 12-ին «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքները, որին բաժին է ընկնում շուկայի 26.06 տոկոսը:

Ինչպես հաղորդել է հանձնաժողովի փորձագետ Մանուկ Միքայելյանը, ընկերությունն ամանորյա տոների շրջանում ստեղծել է դեֆիցիտի նախադրյալներ` իր արտադրանքը չհանելով շուկա: «Նա գերազանցել է շուկայում առաջատարի իր լիազորությունները, որի համար պարտավոր է վճարել 100 մլն դրամ տուգանք»,- հայտարարել է փորձագետը:

Միքայելյանի խոսքերով, Հայաստանում 2010-ի դեկտեմբերին չի նկատվել ձվերի արտադրության դեֆիցիտ, քանի որ վիճակագրության համաձայն 2010-ին Հայաստանում արտադրվել է 719 մլն հատ ձու, ինչը 14 տոկոսով ավելի է 2009-ից: «Ընկերության մատակարարներն ամբողջությամբ չեն իրացրել իրենց արտադրանքը, ինչի մասին վկայում են խոշոր առևտրի կետերից ստացված տվյալները»,- ասել է Միքայելյանը:

2010թ-ի դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետևանքով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաև ստուգումներ է իրականացրել տվյալ շուկայում աշխատող ընկերություններում: Ամփոփելով կատարված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքները` հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ:

Ամանորյա տոներից առաջ շուկայում արձանագրվել էր ձվերի գնի աննախադեպ աճ` 150 դրամ մեկ հատի համար, ինչը բացատրվել էր դրանց դեֆիցիտով:

Անդրադառնալով ՏՄՊՊՀ որոշմանը` Իրինա Հակոբյանը նշել է, որ ընկերությունը մտադիր է դատարանում առաջիկա 20 օրում բողոքարկել հանձնաժողովի որոշումը, որը խախտում է օրենսդրությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---