Դավիթ Դավթյան. Թուրքական կառավարությունը մտադիր էր բնաջնջել հայ ժողովրդին

Դավիթ Դավթյան. Թուրքական կառավարությունը մտադիր էր բնաջնջել հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանությունը ծագել է ոչ ռազմական գործողությունների հետևանքով, թեև այդ ժամանակ Օսմանյան կայսրությունը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին»,- հայտարարել է պատմաբան, Analitika.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Դավթյանը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության ժամանակ կոտորվել են նաև ասորիներ, հույներ: «Հայերի էթնիկ և կրոնական «զտումների» ժամանակ մահացել է մեկուկեսից երկու միլիոն մարդ»,- ասել է նա:

«Դրանք եղել են թուրքական կառավարության պլանավորված գործողությունները` ուղղված հայ ժողովրդի բնաջնջմանը. «Երբ մենք խոսում ենք Օսմանյան կայսրությունում հայերի ամբողջական ֆիզիկական ոչնչացման մասին, պետք է հիշել, որ զուգահեռ տեղի է ունեցել մեր ժողովրդի հանդեպ մշակութային ցեղասպանություն: Բայց մշակութային ցեղասպանությունը 1923-ին չի ավարտվել: Օրինակ, 2200 հայկական եկեղեցիներից և վանքերից միայն 913-ն է պահպանվել ցեղասպանությունից հետո: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով 1974-ին դրանցից 464-ն ամբողջությամբ անհետացել են, 262-ը վերածվել ավերակների, 197-ը հիմնանորոգման և վերականգնման կարիք ունեն»,- ասել է Դավթյանը:

«Պետք է ասել, որ 1948-ի մայիսի 28-ին ռազմական հանցագործությունների հարցերով ՄԱԿ հանձնաժողովը մեջբերել է Հայոց ցեղասպանությունը որպես «գործողությունների ստույգ տեսակներից մեկը, որը մտնում է «մարդկության հանդեպ հանցագործության» ժամանակակից հասկացության մեջ որպես նախադեպ Նյուրնբերգի դատավարության համար»,- ասել է պատմաբանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---