Ընդդիմությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ընդդիմությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)` իր առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: ՀԱԿ-ի անդամները ծաղիկներ են դրել Անմար կրակի մոտ:

Ինչպես հայտնել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ամենագլխավոր հարցն այդ փաստի ճանաչումն է բուն Թուրքիայի կողմից: «Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել և չի հատուցել այդ հանցագործության համար, նա չի կարող իր խիղճը մաքուր համարել»,- ասել է Զուրաբյանը: Նրա խոսքով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սրընթաց կերպով արագանում է, քանի որ գնալով ավելի շատ ուսանողներ և մտավորականության ներկայացուցիչներ են ճանաչում այդ փաստը:

Անդրադառնալով այն բանին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը համընկել է Զատկի տոնի հետ, Լևոն Զուրաբյանը նշել է, որ դրանում կենսահաստատման խորհուրդ կա. «Հիշելով այդ ողբերգության մասին` մենք պետք է մտածենք Հայաստանի ապագայի և նրա կայացման մասին»:

Մեկնաբանելով Կարսում հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժումը` Զուրաբյանը հայտնել է, որ դրանք ժամանակավոր քաղաքական գործընթացներ են, և վաղ, թե ուշ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:

19  24.04.11 - Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---