Գերմանիայի տարբեր քաղաքներում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին եւ 25-ին Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին:

Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնական մասում տեղի ունեցավ բողոքի երթ` կազմակերպված հայ համայնքի կողմից, որին հետևեց «Փաուլսկիրխե» եկեղեցու դահլիճում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո:

Միջոցառումը կազմակերպել էին Գերմանահայ կենտրոնական խորհուրդը և Գերմանիայի Հայոց առաջնորդարանը: Արարողությանը ելույթով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը, ազգությամբ թուրք գրող Դոգան Ակհանլին և այլք, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ապրիլի 25-ին Բեռլինի ֆրանսիական մայր տաճարում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին և ելույթով հանդես եկան դեսպան Արմեն Մարտիրոսյանը, «Բեռլինի հայ համայնք» միության նախագահ Վարդգես Ալյանաքը, գրող և հրապարակախոս Ռալֆ Ջորդանոն, ականավոր գիտնականներ:

Միջոցառումներին ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ակադեմիական գործիչներ, մտավորականներ, ինչպես նաև տարբեր կրոնական ներկայացուցիչներ: Հուշ-երեկոներին հնչեցին երաժշտական կատարումներ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---