«X-Teach» թիմը հաղթեց «Երևակայության գավաթ 2011 Հայաստան» մրցույթում

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում ամփոփվեցին «Երևակայության գավաթ 2011 Հայաստան» մրցույթի արդյունքները: «Մենք կարևորում ենք ՏՏ ոլորտում հեղինակավոր ընկերությունների մասնակցությունը, ինչպիսին Microsoft-ն է և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը»: Մենք խրախուսում ենք երիտասարդների մասնակցությունը նոր տեխնոլոգիական մոտեցումներին»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Բարձրագույն կրթության ոլորտը մասնավորի ներդրումների կարիքն ունի՝ բարձրագույն կրթություն-աշխատաշուկա կապը շեշտադրելու տեսակետից: ՏՏ ոլորտի կարևորությունը անցնում է կրթական ողջ համակարգի միջով»,- իր խոսքում նշեց ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը:

«Microsoft իննովացիոն կենտրոնի» ղեկավար Եվա Հյուսյանը հայտարարեց հաղթողներին` նշելով, որ այս մրցույթում շեշտը դրվում էր թիմերի գաղափարի ներկայացման վրա, թե որքանով կկարողանան համոզել, և որ իրենք շատ հեշտությամբ կատարեցին ընտրությունը:

Առաջին մրցանակին արժանացավ «X-Teach» թիմը: Թիմի ղեկավար Արման Աթոյանը ներկայացրեց թիմի գաղափարը` հայտնելով, որ քաղաքագետները չեն փոխում աշխարհը, հիմա տեխնոլոգներն են փոխում՝ Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը: Ծրագիրը կոչվում էր «Teach me now»: Այն ուսանողները, որոնք ավարտելով համալսարանը չեն կարողանում աշխատանք գտնել, կարող են աշխատանք ստեղծել մեր պլատֆորմի միջոցով: Այսինքն` օնլայն դասընթացներ առաջարկել: Նրանք մարդիկ են, ովքեր ցանկանում են դասավանդել: Եթե կա մեկը, ով ցանկանում է սովորել օնլայն, ապա համակարգը կապում է մարդկանց, և նրանք օնլայն դասընթաց են անցկացնում»:

Երկրորդ մրցանակին արժանացավ «Eco friends» թիմն, ով ներկայացրել էր բջջային ծրագիր, որն օգնում է մարդկանց կառավարել ջրային ռեսուրսները և ճիշտ օգտագործել: Իսկ երրորդ տեղում էր «Անակա» թիմը:

Հաղթող թիմերը պարգևատրվեցին 300 000, 250 000, 150 000 դրամ մրցանակներով: «X-Teach» հաղթող թիմը «ԱրմենՏել» ընկերության կողմից պարգևատրվեց նեթբուքով և ստացավ հնարավորություն` բացի հիմնական մրցանակից, մեկնելու Նյու Յորք «Միջազգային երևակայության գավաթ» մրցույթին:

Արման Աթոյանը Նյու Յորքում կայանալիք արդեն միջազգային «Երևակայության գավաթ 2011»-ին իրենց մասնակցության մասին ասաց. «Մենք արդեն պետք է աշխատենք մեր գաղափարի ավելի լավ ներկայացման վրա, որպեսզի կարողանանք հաղթել: Տարբեր երկրներում հաղթող թիմերը տարբեր ոլորտներ են ընտրել իրենց գաղափարի ներկայացման համար, կոնկրետ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեզ մոտ կարևոր է ՏՏ-ի դերը կրթության ոլորտում»:

«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նույնպես խոսքով հանդես եկավ. «Բազմաթիվ խնդիրների լուծման բանալին հենց ՏՏ ոլորտում է հնարավոր գտնել: Մեր ընկերությունը քաջ գիտակցում է տեխնոլոգիաների կարևորությունը կյանքում»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---