Հայաստանն ու Վրաստանը մտադիր են ակտիվացնել միջտարածաշրջանային համագործակցությունը 4 մայիսի 2011 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնմանը վերաբերող, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, հաղորդում է ՏԿ նախարարության մամլո ծառայությունը: Արմեն Գևորգյանը նշեց, որ երկու երկրները դեռևս լիովին չեն օգտագործում փոխգործակցության առկա ներուժը և ակնկալեց դեսպանի աջակցությունը` տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանում տեղական և տարածքային կառավարման մակարդակում, ընտանեկան նպաստի համակարգում, քաղաքային տնտեսության, ջրամատակարարման համակարգերի կառավարման ոլորտներում փորձի փոխանակման և փոխգործակցության հնարավորություններով: Արմեն Գևորգյանի խոսքով, Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Եվրախորհրդի, Եվրահանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների հետ, անցած տարի անդամակցել է նաև Եվրոպական ռեգիոնների ասամբլեային: Կազամակերպության անդամ են Վրաստանի հետ սահմանակից Լոռու և Տավուշի մարզերը, ակնկալվում է նաև Շիրակի մարզի անդամակցությունը: Փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ միջռեգիոնալ համագործակցությունն ավելի լայն հնարավորություններ կստեղծի եվրոպական կառույցների կողմից տարածաշրջանային ծրագրերի իրականացման առումով: Նա տեղեկացրեց, որ մարզպետներին առաջարկվել է այցելություններ կազմակերպել Վրաստան և տեղում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին: Դեսպանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց նպաստել երկու երկրների միջտարածաշրջանային գործակցության ակտիվացմանը: Նա համաձայնեց, որ երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացման լուրջ ներուժ կա` պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ ներուժի բացահայտմանը, ինչպես նաև մարզպետների փոխայցելությունների կազմակերպմանը: Արմեն Գևորգյանը նշեց, որ համակարգի բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքներում հայկական կողմը կօգտվի նաև Վրաստանի փորձից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |