Մայիսին Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի ժայռամագլցման միջազգային փառատոն

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ից 31-ը Հայաստանում կկազմակերպվի Առաջնամագլցման երկրորդ միջազգային փառատոնը: Միջոցառման կազմակերպիչն է «Ժայռերն ի վեր» անվանումը կրող ակումբը: Նախատեսվում է, որ փառատոնի մասնակիցները կլինեն աշխարհի շուրջ 10 երկրներից, ինչը նման նոր և յուրահատուկ նախաձեռնության համար բավականին լուրջ ցուցանիշ է:

Փառատոնի հիմնական մագլցման վայրեր այս տարի ընտրվել են Գառնիի, Արփա գետի և Նորավանքի կիրճերը:

Հաշվի առնելով Հայաստանի հարավում նոր զբոսաշրջային արդյունքների ստեղծման հեռանկարները` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը համագործակցում է ակումբի հետ և փառատոնի անցկացման համար ցուցաբերում ֆինանսական աջակցություն:

«Մենք կարևորում ենք Հայաստանի չբացահայտված զբոսաշրջային ներուժի վերհանումը: Նման փառատոնները Հայաստանը ներկայացնում են նոր, ոչ ավանդական լույսի ներքո: Իսկ այն, որ ժայռամագլցումը նաև շատ հետաքրքիր և յուրահատուկ զբոսաշրջային արդյունք է Հայաստանում, էլ ավելի է ընդգծում այս համագործակցության կարևորությունը», - մեկնաբանում է մրցունակության հիմնադրամի Զբոսաշրջության ծրագրի տնօրեն Սյուզաննա Ազոյանը:

«Հայաստանը ժայռամագալցողների համար իսկական դրախտ է` իր յուրատեսակ և մեծաքանակ ժայռային գոյացություններով: Մեր արտասահմանցի գործընկերները, ամեն անգամ Հայաստան այցելելով, վերադառնում են աննկարագրելի տպավորություններով: Այս փառատոնի կազմակերպումը նման ոգեշնչման արդյունք է», - պարզաբանում է «Ժայռերն ի վեր» ակումբի հիմնադիր Մխիթար Մխիթարյանը:

Առաջնամագլցման միջազգային փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009 թվականին և ունի զարգացման ու ընդլայնման լուրջ միտում: Մասանկիցները Ռուսաստանից, Իրանից և Չեխիայից էին, նրանք մագլցում էին Հրազդանի, Գառնիի, Նորավանքի և Արփա գետի կիրճերում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---