Ռուսաստանցի երաժիշտները Երևանում կկատարեն Գագիկ Հովնունցի ստեղծագործությունները

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովնունցին: Համերգին մասնակցելու են Ֆրանսիան ներկայացնող ռուսաստանցի երաժիշտներ` ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին և դաշնակահար Ռուստեմ Սաիտկուլովը, ինչպես նաև թավջութակահար Արամ Թալալյանը:

«Ինձ Հովնունցի արվեստին ծանոթացրել է թավջութակահար Սուրեն Բագրատունին: Հովնունցի ջութակի և թավջութակի համար գրված Սոնետ-դուետը իրոք եզակի է, շատ քիչ են աշխարհում, առավել ևս 20 դարում ստեղծված նման դուետները: Ես մեծ հաճույքով եմ ընդգրկում Հովնունցի ստեղծագործությունները իմ համերգային ծրագրի մեջ», լրագրողների հետ զրույցում ասել է Բրուսիլովսկին: Նա նաև հավելել է, որ հիմա շատ թյուր կարծիք է աշխարհում ստեղծվել, որ ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքները վատն են, սակայն դա այդպես չէ և լավն ու վատը եղել են բոլոր ժամանակներում: Բրուսիլովսկին և Հովնունցը համագործակցում են արդեն շուրջ 5 տարի և ջութակահարը բացի վերը նշված դուետից, կատարում է նաև հեղինակի այլ ստեղծագործություններ:

Համերգային ծրագրում ընդգրկված են Հովնունցի սոնատները և մեկ տրիո:

Հայ կոմպոզիտոր Գագիկ Հովնունցը ծնվել է 1930 թ-ին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի և կոմպոզիցիայի բաժինները: 1964 թ-ից դասավանդում է նույն բուհում: Այժմ կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվում են աշխարհի տարբեր երկրներում:

Ռուս երաժիշտները բացի վերը նշված համերգից նույն վայրում, մայիսի 14-ին համերգ կտան Երևանի պետական կամերային նվագախմբի հետ, որտեղ կնվագեն Մենդելսոնի կրկնակի կոնցերտը ջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---