Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրումը» բարձր գնահատականի է արժանացել Artbygenève-ի սալոնում

Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրումը» բարձր գնահատականի է արժանացել Artbygenève-ի սալոնում

PanARMENIAN.Net - Հայ ժամանակակից նկարիչ Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրումը» բարձր գնահատականի է արժանացել Artbygenève-ի սալոնում: Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, «Սիմուլակրում» շարքը հիանալի տպավորություն է թողել շվեյցարացիների և այլազգիների շրջանակներում, հատկապես արվեստի դասավանդման հաստատությունների մասնագետների: «Այն շատ էր զարմացրել սալոնի մասնակիցներին: Նրանք չէին հավատում, որ շարքը մի մարդու գործ է», լրագրողներին ասաց Հարությունյանը: Նա նաև հավելեց, որ առաջարկներ են ստացվել «Սիմուլակրումը» Մոսկվայում և այլ քաղաքներում ցուցադրելու վերաբերյալ:

Artbygenève-ը նոր արվեստի սալոն է, որը տեղի է ունենում ամեն ամառ Ժնևի այն նույն Palexpo վայրում, որտեղ որ կայանում է գրքի ցուցահանդեսը: Այն այս տարի կայացել է ապրիլի 29-ից մայիսի 3-ը, որի բացմանը ներկա էին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, շանսոնյե Շառլ Ազնավուրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Շվեյցարիայի նախագահ Միշլին Կալմի-Ռեյը, հայ նախարարներ և այլոք:

Artbygenève-ը արտացոլում է ժամանակակից արվեստը և ցույց տալիս նորույթներն ու հնարավորություններն արվեստի ոլորտում: Սալոնին մասնակցում էին շուրջ 40 պատկերասրահներ, թանգարաններ և անհատ արվեստագետներ ամբողջ աշխարհից: Սալոնում ցուցադրվում է նաև արվեստի վերաբերյալ գրականություն և մամուլ, որին այցելում է շուրջ 20.000 արվեստասեր: Այն անց է կացվում Գրքի միջազգային ցուցահանդեսին զուգահեռ:

Նարեկ Ավետիսյանի «Սիմուլակրում»-ն ամբողջական բազմամաս նախագիծ է` բաղկացած կտավներից, տեսաանիմացիայից և այն ուղեկցող երաժշտությունից: Նախագիծը հենված է 17-րդ դ. հոլանդացի հանրահայտ նկարիչ Յոհաննես Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի 33 օրինակ վարիացիաների վրա:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---