ԱՄՆ-ն հերթական անգամ ընդգծում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը20 մայիսի 2011 - 09:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Պետքարտուղար Քլինթոնը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշեց, որ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կապված են ամուր բարեկամությամբ ու գործընկերությամբ եւ հարաբերությունները գնալով ավելի են ամրապնդվում եւ զարգանում: «Արտգործնախարար Նալբանդյանի հետ բազմաթիվ հանդիպումներ են կայացել եւ ես ուրախ եմ կրկին ողջունել նրան Պետքարտուղարությունում: Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջեւ գոյություն ունեն այնպիսի բազմաբնույթ կապեր, որոնք սկսվում են քաղաքականությունից եւ հասնում մինչեւ անձնական հարաբերություններ եւ ավելին, ինչը մեզ համար շատ կարեւոր է: Մենք մեծ նշանակություն ունեցող հարցեր ենք քննարկելու, եւ ես ակնկալում եմ, որ մենք կշարունակենք մեր այդ կարեւոր երկխոսությունը»: Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Վաշինգտոն այցելելու հրավերի համար, ասաց. «Մեր հանդիպումների հաճախակիությունը վկայում է հայ-ամերիկյան հարաբերություններն առավել խորացնելու եւ ամրապնդելու մեր հանձնառության մասին եւ վերջին տարիների ընթացքում մենք համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի վրա ենք բարձրացրել մեր համագործակցությունը»: Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, տարածաշրջանային հարցեր: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Պետքարտուղար Քլինթոնն ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, եւ նշեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |