ՀԲ-ն 39 մլն դոլար վարկ կհատկացնի Հայաստանին27 մայիսի 2011 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 39 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ` Հայաստանի «Էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագրի համար: Ծրագիրը նախատեսված է երկրում էներգամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար` էլեկտրահաղորդման գծի շուրջ 230 կմ հատվածի փոխարինման միջոցով բարելավելով էլեկտրահաղորդման ցանցի հիմնական ենթակառուցվածքի հզորությունները: Հայաստանում էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը հին է և վատ է պահպանվում: Էլեկտրահաղորդման ակտիվների միջին տարիքը գրեթե 45 տարի է: Վերջին տասնամյակներում հաղորդման գծերի վերականգնման ուղղությամբ որևէ լուրջ ներդրում չի կատարվել: Ըստ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գնահատականի` երկրում էլեկտրամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար 220 կՎ հաղորդման գծերի (լարեր, սյուներ, բետոնե հիմքեր, մեկուսիչներ և ենթակառուցվածքի այլ հիմնական մասեր) շուրջ 520 կմ-ը կամ 33 տոկոսը հրատապ վերականգնման կամ փոխարինման կարիք ունեն: «Ծրագիրը սատարում է մեր` Երկրի գործընկերության ռազմավարության առանցքային նպատակներից մեկին` Հայաստանի մրցունակությանն ուղղված աջակցությանը»,- ասում է Ասադ Ալամը` Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրենը: «Հաղորդման գծի ընտրված հատվածի վերականգնումը կբարելավի համակարգի արդյունավետությունն ու հուսալիությունը և ուղղակի օգուտներ կբերի Հայաստանում բոլոր էներգասպառողների համար»: Հաղորդման գծի` ծրագրում ընդգրկված հատվածը կառուցվել է 1956-1958 թթ.-ին: Այն միացնում է երկու հիմնական արտադրող կայաններ և սպասարկում երկրի կենտրոնական-արևելյան մասի մեծաքանակ էներգասպառողների: «Ներդրումների միջոցով կփոխարինվի Հրազդանի ջերմաէլեկտրակայանից Որոտան Կասկադի հիդրոէլեկտրակայաններ հասնող հաղորդման գծի շուրջ 230 կմ հատվածը, որը կազմում է հրատապ վերականգնման կարիք ունեցող 220 կՎ հաղորդման գծերի գրեթե 45 տոկոսը»,- ասում է Ժան-Միշել Հապին` Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավարը: «Հաղորդման գծի այս հատվածի հզորությունը 250 ՄՎ –ից կավելանա մինչև 310 ՄՎ, ընդ որում ներկա անջատումները կտրուկ կնվազեն»: «Ծրագրի տեխնիկական աջակցության փոքր բաղադրիչի միջոցով կամրապնդվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ աշխատակիցների` տեխնիկական վերահսկողության, ծրագրավորման, գնումների, ֆինանսական կառավարման և ծրագրի կառավարման կարողությունները, ինչպես նաև կֆինանսավորվի հաղորդման ցանցի համակարգի պլանավորման և վերլուծությունների համար համակարգչային ծրագրի ձեռքբերումը», - ասում է Անի Բալաբանյանը` ծրագրի ղեկավարը: «Սա անհրաժեշտ է նոր ներդրումների արդյունավետ կառավարումն ու կայունությունն ապահովելու համար»: Ծրագիրը հենվում է Համաշխարհային բանկի փորձի վրա` զգալիորեն հիմնվելով Հայաստանի էներգետիկայի ոլորտում նախկին ներգրավվածության, ինչպես նաև այլ երկրներում իրականացված էներգահաղորդման ծրագրերի փորձի վրա: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 52 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 13 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը: ՎԶՄԲ վարկի մարման ժամկետը 25 տարի է` ներառյալ 10 տարի արտոնյալ ժամկետ: 1992 թ.-ին Համաշխարհային բանկին և 1993 թ.-ին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո, Հայաստանի` ՄԶԸ-ից և ՎԶՄԲ-ից ստացված ընդհանուր միջոցները կազմում են 1, 488 միլիոն ԱՄՆ դոլար ասվում է ՀԲ հայաստանյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |