3  27.05.11 - Նիկոլ Փաշինյան

Արթիկի բանտի մոտ մարդիկ են հավաքվել. սպասում են Նիկոլ Փաշինյանի ազատմանը

Արթիկի բանտի մոտ մարդիկ են հավաքվել. սպասում են Նիկոլ Փաշինյանի ազատմանը

PanARMENIAN.Net - Հայկական ընդդիմության մի քանի տասնյակ կողմնակիցներ հավաքվել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի շենքի դիմաց, որտեղ սպասում են «Հայկական ժամանակ» հայկական ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատ արձակվելուն: Նրանք վանկարկում են «Նիկո'լ, Նիկո'լ»:

Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր, այնուհետև հանձնվեց իշխանություններին և 2010 թվականի մարտին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Հայաստանի ՔՕ 215-րդ հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում):

Ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրն ազատ է արձակվել ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Այսօր կեսօրից հետո ազատ է արձակվել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու ապօրինի զենք պահելու համար և բանտարկության մեջ էր գտնվում 2008 թվականի մարտից:

Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---