ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով, եթե ոչ Կազանում, ապա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ժամանակ ընդունվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները, և շատ շուտով սկսվելու են հիմնական պայմանագրի շուրջ աշխատանքները: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 2-ին Երևանում մամլո ասուլիսում: Մեկնաբանելով ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի հետևություններն այն մասին, որ առաջարկվող համաձայնագիրն ավելի հայամետ է, ելնելով Իլհամ Ալիևի տրամադրությունից Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետ, Շահնազարյանը հեգնանքով նշել է. «Պետք չէ եզրակացություններ անել` ելնելով Ալիևի «պավլովյան» ռեակցիաներից»:
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ մի փաստաթուղթ չի կարող լինել ոչ հայամետ, ոչ ադրբեջանամետ: Նա նաև նշել է, որ համանախագահ-երկրների նախագահները համոզված են, որ Սերժ Սարգսյանի հետ այս հարցում խնդիրներ չեն լինի, բայց համոզված չեն Ալիևի առումով: