Համաշխարհային տնտեսական համաժողովում Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել «Հայացք դեպի Ռուսաստան» նիստում

Համաշխարհային տնտեսական համաժողովում Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել «Հայացք դեպի Ռուսաստան» նիստում

PanARMENIAN.Net - Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 8-ին ելույթ է ունեցել «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ժամանակ: Վերջինս նվիրված էր Ռուսաստանի տնտեսական բարեփոխումների հեռանկարներին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն այս երկրի անդամակցությանը, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան մաքսային միությանը, ընդհանուր ինտեգրման գործընթացներին, տնտեսությունում առկա հիմնախնդիրներին:

Ըստ ՀՀ վարչապետի՝ տրանսնացիոնալ կորպորացիաների համար կոռուպցիան և ներդրումային միջավայրը ոչ այնքան վտանգավոր երևույթներ են: Դրանց համար ավելի կարևոր է պետության ապագայի քաղաքական կանխատեսելիությունը: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ներդրումային միջավայրն առաջին հերթին անհրաժեշտ է մեր տնտեսվարող սուբյեկտներին և միջին ու մանր բիզնեսին: «Որովհետև առանց փոքր ու միջին գործարարության զարգացման չի կարող լինել միջին խավ, իսկ առանց վերջինիս զարգացման` քաղաքացիական հասարակություն: Դրա համար, եթե մենք ուզում ենք հիմնարար փոփոխություններ տեսնել մեր երկրներում, ներդրումային բարենպաստ իրավիճակ, որ ինստիտուտներն աշխատեն, անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիական հասարակություն: Եվ ստացվում է, որ քաղաքացիական հասարակության ստեղծման ճանապարհին հենց փոքր ու միջին բիզնեսի զարգացման խթանմամբ է հնարավոր հասնել նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարի ներուժ լինի», - նշել է ՀՀ վարչապետը:

Վարչապետ Սարգսյանի դիտարկմամբ՝ կոռուպցիայի դեմ առաջին դեղամիջոցը կառուցվածքային բարեփոխումներն են: Անհրաժեշտ է, որ իշխանության մոտ լինի կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք: «Որտեղի՞ց է առաջանում այդ քաղաքական կամքը: Վերջինս ի հայտ է գալիս, երբ համոզմունք կա այն ծրագրերի ճշմարտության մեջ, որոնք իրականացնում ես: Եթե իշխանության գլուխ կանգնածների մոտ կա այդ համոզմունքը, որ դա լավ է երկրի, ժողովրդի ապագայի համար, ապա իշխանություններն իրականացնում են այդ բարեփոխումները», - ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ շատ գործընթացներ, որոնք ընթանում են Ռուսաստանում, ազդում են Հայաստանում ընթացող գործընթացների վրա: Սա պայմանավորված է նրանով, որ երկու երկրներն աշխատում են միասնական տնտեսական տարածությունում, նրանց մենթալիտետները, մշակութաբանական միջավայրը միմյանց շատ նման են, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---