Հայաստանում ավտովարկավորման շուկան դեռևս բավական պասիվ է

Հայաստանում ավտովարկավորման շուկան դեռևս բավական պասիվ է

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով վարկով ավտոմեքենա գնելու ցածր պահանջարկը` այս տարի Հայաստանում ավտովարկավորման շուկան դեռ չի մոտենա նախաճգնաժամային մակարդակին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Յունիբանկի» սպառողական վարկերի վարչության պետ Գուրգեն Ղուկասյանը: «Որոշ դրական միտումներ կան, բայց ընդհանուր առմամբ շուկան, հատկապես առաջնայինը, բավական պասիվ է»,- ասել է նա: Մասնագետի խոսքով, ներկայումս ավելի պահանջված բանկային պրոդուկտ են սպառողական վարկերը, այդ թվում` վարկային քարտերը, որոնց ուղղությամբ «Յունիբանկն» ակտիվորեն աշխատում է:

2011 թվականի մայիսի 31-ի դրությամբ «Յունիբանկի»` ավտովարկերի շուկայի առաջատարներից մեկի ավտովարկերի պորտֆելը կազմել է մոտ 5,7 մլրդ դրամ: Ավտոտրանսպորտային միջոցների վարկավորման կտրուկ նվազումը ճգնաժամի հետևանքն է, «որից մենք բոլորս կարծում ենք, թե դուրս ենք եկել»: Նման կարծիքով PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կիսվեց «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: Անդրադառնալով ԿԱՍԿՈ-յի պահանջարկի միտումներին` Ալթունյանը նկատեց, որ բացարձակ թվերով այդ ցուցանիշը նկատելի չէ, բայց եթե հաշվի առնենք, որ կտրուկ (3-4 անգամ) նվազել է ավտովարկավորումը կոմբանկերի կողմից, իսկ կասկոյի թվերն այդքան չեն նվազել, ապա կարելի է ասել, որ բացը լրացնում են գործակալները, որոնք նաև ԿԱՍԿՈ պոլիսներ են սկսել վաճառել:

Լևոն Ալթունյանը վարորդներին կոչ է արել ավելի հեռատես լինել, քանի որ 2-3 տարվա ընթացքում տրանսպորտային միջոցի վարորդի պատմության վերաբերյալ վիճակագրություն է հավաքվում, որից հետո կիրառվելու է «բոնուս-մալուս» համակարգը, որը թույլ կտա նվազեցնել ԱՊՊԱ-յի սակագներն արդեն 2013 թվականին մինչև 50%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---