Ստեղծվել է Ցեղասպանության պահանջատիրության հատուկ իրավաբանական հանձնաժողով

Ստեղծվել է Ցեղասպանության պահանջատիրության հատուկ իրավաբանական հանձնաժողով

PanARMENIAN.Net - Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը հայտարարում է Հայոց ցեղասպանության պահանջատիրության հատուկ իրավաբանական հանձնաժողովի ստեղծման մասին: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հայտարարության մեջ, հանձնաժողովի նպատակն Արևմտյան Հայաստանի հանդեպ բնիկ հայ ժողովրդի իրավունքները պահպանելն ու վերականգնելն է: Հատուկ հանձնախումբը նպատակ ունի նաև Հայոց ցեղասպանության իրավաբանական ու դատավարական խնդիրը բարձրացնել ազգային ու միջազգային ատյաններում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Արևմտյան Հայաստանի բնիկ հայ բնակչությունը բնաջնջվել է, ենթարկվել է բռնագաղթի, յուրացվել են հայերի հողերը, տարածքներն ու բնական պաշարները: «Հայերը զրկվել են սեփականության իրավունքից, ոչնչացվել է նրանց հոգևոր ու մշակութային ժառանգությունը: Մերժվում է Արևմտյան Հայաստանի հայերի գոյությունը, ուրացվում է Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Հատուկ հանձնաժողովի ստեղծումը նպատակ ունի իրավաբանորեն ձեւակերպել եւ քրեորեն հաստատել Հայոց ցեղասպանության փաստը, որը պատմական եւ իրավական անհրաժեշտություն է եւ նպատակ ունի վերականգնել եւ պահպանել բնիկ հայ ժողովրդի իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---