Մոսկվայում ընթերցեցին Րաֆֆու հետազոտությունները` Լևոն Ղազարյանի թարգմանությամբ

PanARMENIAN.Net - Մի քանի օր առաջ կյանքից հեռացել է ժամանակակից հայ մեծ մտավորական, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Լևոն Ղազարյանը (Միքայելյան): Րաֆֆու «Խամսայի մելիքությունների» հետազոտության ռուսերեն թարգմանությունը, որը Ղազարյանն արել է Արցախյան պատերազմի ամենաթեժ շրջանում, առաջին անգամ ծանոթացրեց ռուսալեզու միջազգային հանրությանը ղարաբաղյան խնդրի` դեռևս XIX դարում արձանագրված պատմության հետ:

Նախօրեին Մոսկվայում տասնյակ հայ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցան Լևոն Ղազարյանի թարգմանությամբ Րաֆֆու աշխատության ընթերցումները: Միջոցառումը կազմակերպել էր Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի մոսկովյան ներկայացուցչությունը: Ընթերցումներին ներկա է եղել կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Նա նշել է, որ Լևոն Ղազարյանը մեծագույն հայրենասեր էր և բացառիկ օրինակ երիտասարդ սերնդի համար: «Նրա` Երրորդ Հանրապետության ծագման հետ սկսված ժուռնալիստական գործունեությունը հայկական իրականության յուրատեսակ մի հանրագիտարան է: Վերջին տարիների որևէ կարևոր իրադարձություն չի անցել Լևոն Ղազարյանի գրչի կողքով»,- նշել է Նիկողոսյանը:

Հունիսի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լևոն Ղազարյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով` «երկարամյա և բեղմնավոր գործունեության համար»: Լևոն Ղազարյանը այդպես էլ չիմացավ իր բարձր պարգևի մասին: Նա չապրեց մինչ այդ օրը մի քանի ժամ, հաղորդում է ՀՄԵԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---