Երևանում մեկնարկել է մեներգիչների հանրապետական 5-րդ մրցույթը

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Հայաստանի երաժշտական ընկերությունում տեղի ունեցավ Պավել Լիսիցյանի և Տաթևիկ Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական 5-րդ մրցույթի բացման արարողությունը և վիճակահանությունը:

Այս տարի ներկայացվել է 57 մասնակցության հայտ` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայից, ինչպես նաև Հայաստանի մի շարք մարզերից: Մրցույթի հաղթողներին կտրամադրվեն դիպլոմներ և դրամական պարգևներ: Տղամարդիկ և կանայք հանդես կգան առանձին-առանձին: Սահմանված են մեկ առաջին մրցանակ, երկուական երկրորդ և երրորդ տեղի համար մրցանակ` համապատասխանաբար 300.000, 250.000 և 200.000 դրամ պարգևով: Բացի հիմնական մրցանակներից, կլինեն նաև հատուկ մրցանակներ: Ամենաերիտասարդ մասնակցին կշնորհվի «Հույսի մրցանակ», մրցանակներ կշնորհվեն նաև Կոմիտասի ստեղծագործությունների լավագույն կատարման համար, Պավել Լիսիցյանի, Տաթևիկ Սազանդարյանի և Միհրան Երկաթի երգացանկից լավագույն կատարման համար 100.000-ական դրամ և երկու մրցանակ լավագույն կոնցերտմայստերի համար` 50.000-ական դրամի չափով:

Մրցույթի առաջին փուլը տեղի կունենա հունիսի 20-23-ը, երկրորդ փուլը` հունիսի 27-29-ը, իսկ երրորդ` եզրափակիչ փուլը կկայանա հուլիսի 3-ին և 5-ին:

Այս տարի լրանում է Պավել Լիսիցյանի 100 և Տաթևիկ Սազանդարյանի 95-ամյակը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---