Երևանում կքննարկեն ներառական կրթության խնդիրները

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Երևանում տեղի կունենա «Հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը կրթության մեջ և համայնքում» « Ծնողները ծնողներին. ցանցի 3-րդ համագումարը, որը կազմակերպում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները: Համագումարին կմասնակցի ծնողական փոխօգնության խմբերի 80 ակտիվ ծնող Երևանից, Տավուշի, Լոռու, Եղեգնաձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և Արմավիրի մարզերից: Հրավիրված են նաև ներառական և հատուկ դպրոցների տնօրեններ, հատուկ մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համագումարին իրենց մասնակցությունը կբերեն ՀՀ կրության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության և երեխայի իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներ: Համագումարի առաջին բաժնում ելույթներով հանդես կգան ծնողական փոխօգնության խմբերի ներկայացուցիչները` հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները:

Երկրորդ մասում նախատեսվում է հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցներն իրենց հուզող հարցերը կուղղեն համագումարին հրավիրված որոշումներ կայացնողներին:

Երրորդ մասում նախատեսվում է «Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը: Այն պատմում է հաշմանդամություն ունեցող այն չորս երիտասարդների մասին, ովքեր 10 տարի առաջ հանրակրթական դպրոցում ունեցած իրենց առաջին դժվարություններն ու հաջողություններն էին կիսում «Ես գնում եմ դպրոց» ֆիլմում: «Հույսի կամուրջ» կազմակերպությունը ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Արա Շիրինյանի հետ նույն հերոսների ճակատագրին անդրադառնում է կրկին:

Համագումարը կազմակերպվում է Դանիայի միջազգային զարգացման գործակալության և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---