Հայ փորձագետները կիսվել են Կազանի հանդիպման սպասումներով

Հայ փորձագետները կիսվել են Կազանի հանդիպման սպասումներով

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում որոշվելու է, թե շարունակվելու է արդյոք Մինսկյան գործընթացը, թե ոչ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է միջազգային իրավունքի փորձագետ Անդրեաս Ղուկասյանը: Նրա խոսքերով, այսօր իրավիճակն այնպիսին է, որ եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չստորագրի առաջարկված փաստաթուղթը, ապա բանակցությունների ձևաչափը կփոխվի:

«ԵԱՀԿ-ն չի կարող սպասել, մինչև Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության գան, քանի որ կազմակերպությունն այլ խնդիրներ ունի»,- նշել է նա: Այդ առումով փորձագետը նշել է, որ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտն արդեն խախտված է, և որ Եվրոպայում արդեն չկան կոլեկտիվ, չխախտվող սահմաններ:

Անդրեաս Ղուկասյանը նշել է, որ հունիսի 25-ը մարտահրավեր է երկու երկրների իշխող ռեժիմների համար: Նրա խոսքերով, եթե հանդիպման ընթացքում չձեռնարկվեն որոշակի քայլեր, ապա ռեժիմը երկրներում կարող է փոխվել:

Իր հերթին քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը ներկայացրել է Կազանում երկու հնարավոր սցենար. կամ կընդունվի հայտարարություն, որում կողմերը պատրաստակամություն են հայտնում շարունակել բանակցային գործընթացը կամ կներկայացվի նոր փաստաթուղթ նոր դրույթներով, որոնք հիմք կծառայեն բանակցությունների շարունակության համար:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
---