Հայաստանի գյուղատնտեսության նախարարն աշնանը կայցելի Իսրայել![]() 29 հունիսի 2011 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 28–ին ընդունել է ՀՀ–ում Իսրայելի պետության արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմին: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում հայ–իսրայելական համագործակցության հեռանկարները: Սերգո Կարապետյանն ու Շմուել Մեիրոմին ընդգծել են այն ընդհանրությունները, որոնք առկա են Հայաստանի և Իսրայելի միջև: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հատկապես կարևորել Իսրայելի գիտական ձեռքբերումները գյուղատնտեսության բնագավառում: Որպես համագործակցության ճյուղեր մատնանշվել են ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման բնագավառում փորձի փոխանակումը, անասնապահության, ջերմոցային տնտեսությունների ստեղծման գործում համագործակցությունը: «Մենք բաց ենք «ՄԱՇԱՎ» ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցելու համար, որը կարող է ներառել բազմաթիվ ոլորտներ: Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իսրայելական կողմը պատրաստ է տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, այս հարցում առավել ուշադրություն հարկավոր, քանի որ խոսքը վերաբերում է երեխաներին», - նշել է դեսպանը: Ի դեպ, գյուղատնտեսության բնագավառում հայ–իսրայելական համագործակցությունը սկզբնավորվել է դեռևս 1993-ից: Հաշվի առնելով Հայաստանում վերամշակող ճյուղի զարգացման միտումները` ներկայումս պայմանավորվածություն կա մեր երկրից Իսրայել արտահանել մրգային խտանյութեր: «Համագործակցության մեծ հնարավորություններ ունենք, պետք է օգտվել դրանից», - ընդգծել է Սերգո Կարապետյանը` համակարգված համագործակցության համար կարևորելով «ՄԱՇԱՎ»- ի ծրագրին լայն թափ հաղորդելն ու երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև համագործակցության համաձայնագրի կնքումը: Իր հերթին Հայաստանում Իսրայելի պետության դեսպան Շմուել Մեիրոմին կարևորել է փաստաթղթի մշակման նախապատրաստումն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցի կազմակերպումը Իսրայել: 2011թ. նոյեմբերի 16–17-ին Իսրայելում անցկացվելու է միջազգային ցուցահանդես` ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ, հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |