ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկները կապված չեն Կազանում ադրբեջանական կողմի առաջարկների հետ, գտնում է Մարգարովը

ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկները կապված չեն Կազանում ադրբեջանական կողմի առաջարկների հետ, գտնում է Մարգարովը

PanARMENIAN.Net - Նոր առաջարկները, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կողմերին, կապված չեն Կազանում եռակողմ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած առաջարկների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի երևանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը` մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպպեի հայտարարությունն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին լրացուցիչ առաջարկներ կներկայացվեն Ղարաբաղի վերաբերյալ ինչ-որ համաձայնություն ձեռք բերելու համար»: «Եթե այդ առաջարկները համաձայնեցվեին համանախագահների հետ, ապա կմտնեին հունիսի 24-ի բանակցային փաթեթի մեջ»,- նկատել է նա: Մարգարովը չի համաձայնել նաև այն կարծիքի հետ, որ Ֆրանսիան փորձում է բանակցային գործընթացում իր վրա վերցնել միջնորդներից առաջնորդի դերը: Նա նկատել է, որ թեև մինչ այդ բանակցային գործընթացում Ռուսաստանն էր խաղում «լոկոմոտիվի» դերը, սակայն սերտորեն կապ էր պահպանում մյուս միջնորդների հետ և բանակցություններում ներկայացնում միջնորդների համաձայնեցված դիրքորոշումը:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---