Հայաստանի սփյուռքի նախարարն ընդունեց ՀԲԸՄ «Երևանյան ամառային փորձառություն» ծրագրի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ «Երևանյան ամառային փորձառություն» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդներին: Այս տարվա ծրագրի մասնակից 22 ուսանողները ներկայացնում են ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի և Սիրիայի հայ համայնքները:

Ողջունելով երիտասարդներին` նախարարը ներկայացրեց հայապահպանության, Սփյուռքի ներուժի համախմբման, հայրենադարձության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: Նա անդրադարձավ «Արի տուն», «Մեր մեծերը» «Աջակցություն համայնքներին` Սփյուռքի հանրակրթական հաստատություններին և մեկօրյա դպրոցներին ուսումնական և հանրամատչելի գրականությամբ» ծրագրերին, Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով նախարարության կողմից կազմակերպվող համահայկական մասնագիտական համաժողովներին:

Նախարարն անդրադարձավ նաև համահայկական, համազգային հիմնահարցերին` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Սփյուռքում ուծացման դեմ պայքար, Հայ եկեղեցու դերի բարձրացում և հայության համախմբում եկեղեցու շուրջ, Հայաստանի տնտեսական զարգացում, հզորացում և անվտանգության ապահովում` կոչ անելով երիտասարդներին միասնական ուժերով նպաստել այդ հիմնահարցերի լուծմանը:

Ընդգծելով Հայաստանի Հանրապետության տնտեսության գիտատար ճյուղերը զարգացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հայ ժողովրդի գիտական հզոր ներուժը` Հրանուշ Հակոբյանը երիտասարդ մասնագետներին խորհուրդ տվեց լավ սովորել և ապագայում, արդեն որպես լավ մասնագետներ, իրենց գիտելիքներն ու նորարարական գաղափարներն օգտագործել ի նպաստ Հայրենիքի զարգացման և հզորացման:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---