Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմը մասնակցելու է Բրիստոլի Encounters կինոփառատոնին

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի սահմանած «Փառատոնի նոր անուն» մրցանակը շնորհվել է Հարություն Շատյանին: Երիտասարդ ռեժիսորի «Բեռնելով կյանքս» ֆիլմը ցուցադրվել էր փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակում: Ֆիլմը դարձել է «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը և նաև արժանացել է «Նուարդ» մրցանակին:

Հարություն Շատյանը նոյեմբերի 16-20-ը Բրիտանական խորհրդի աջակցությամբ կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին և կներկայացնի իր ֆիլմը: «Ռեժիսորի համար կարևոր է շրջագայելը և նոր երկրներ այցելելը: Միացյալ Թագավորությունում անցակցվող փառատոնին մասնակցելը էական է ոչ միայն նոր կապերի ստեղծման, այլև այդ երկրի կինոարտադրությանն ու նորարություններին ծանոթանալու համար», -ասում է Հարություն Շատյանը:

Ֆիլմի ստեղծման աշխատանքները տևել են մեկ տարի: «Բեռնելով կյանքս» ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է: Այն ուսանողի, երիտասարդ ընտանիքի տղամարդու, հիվանդի անելանելի վիճակի մասին է: Հերոսը փորձում է կյանքի մեջ լուսավոր կետեր փնտրել: Զինվորական ծառայությունն ավարտելուց մի քանի օր առաջ հիվանդանում է շաքարախտով, և նրան` որպես զինծառայությանը ոչ պիտանի զինվորի, զորացրում են: Այստեղից էլ սկսվում են բոլոր խնդիրները: Ինստիտուտ, ընտանիք, երեխա, ամենօրյա պարտադիր սրսկումներ: Դեղ գնելու հնարավորություն չունեցող երիտասարդը ստիպված է դիմել հանցագործության: Պարտքեր, աշխատանքի որոնում, միամիտ և անզգույշ քայլեր, որոնք բանտ ընկնելու իրական նախապայմաններ են:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---