ԵԱՀԿ երևանյան գրասենյակը խթանում է մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում26 հուլիսի 2011 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տարբեր մարզերի միջնակարգ դպրոցներից թվով երեսուն ուսուցիչ մասնակցում է մարդու իրավունքների երեքշաբաթյա ինտենսիվ դասընթացի, որ մեկնարկել է այսօր Վանաձորում: Դասընթացը, որը կազմակերպվել է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) մարզային հասարակական կազմակերպության կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, նպատակ ունի կատարելագործելու հասարակագիտության ուսուցիչների մարդու իրավունքների գիտելիքները և գործնական հմտությունները»: «ԵԱՀԿ-ն հատուկ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների կրթությանը, քանի որ այն կարևոր է երկրում ժողովրդավարական բարեփոխումների համար», _ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունթուլովը. «Ուսուցիչների դերը կարևոր է հաջորդ սերնդի շրջանում մարդու իրավունքների արժեքների խթանման գործում, և այս դասընթացը կօգնի նրանց կատարելագործել իրենց գիտելիքները, ինչպես նաև երիտասարդներին մարդու իրավունքների մարտահրավերների մասին ուսուցանելու հմտությունները»: Ծրագիրը ներառում է պետական կրթական ծրագրին համապատասխան` մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ դասախոսություններ և քննարկումներ` հատուկ ուշադրություն դարձնելով երեխայի իրավունքներին: Միջազգային կազմակերպությունների` այդ թվում ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետները կվարեն դասընթացները: ՀՍԻԿ նախագահ Գևորգ Մանուկյանն ասաց. «Մեր կազմակերպության կարգախոսն է` «չիմանալ սեփական իրավունքները նշանակում է չունենալ դրանք»: Այս ծրագիրը կարևոր և տեղին է, քանի որ ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մարդու իրավունքների մասին պատկերացումները, ինչպես նաև սովորելու դասավանդման նոր մեթոդներ և հմտություններ` փոխանցելու այդ գիտելիքները իրենց ուսանողներին»: Երեք շաբաթ տևողությամբ ծրագրին կհաջորդի մեկամյա հեռավար ուսուցման գործընթաց, որը կնպաստի ուսուցիչների` նոր տեղեկատվության յուրացմանը և կիրառմանը պրակտիկայում: ՀՍԻԿ-ի ներկայացուցիչները կդիտարկեն և կգնահատեն ուսումնական գործընթացը դպրոցներում ավելի ուշ այս տարի: Ծրագիրն իրականացվում է որպես 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ գրասենյակի ու ՀՀ գիտության և կրթության նախարարության միջև ստորագրված հուշագրի մաս, որի նպատակներց մեկն է խթանել մարդու իրավունքների կրթությունը բոլոր մակարդակներում, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |