Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու հարևանությամբ նոր նավամատույց կկառուցվի

Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու հարևանությամբ նոր նավամատույց կկառուցվի

PanARMENIAN.Net - Վանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել նոր նավամատույցի կառուցմանը Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու հարևանությամբ, հայտնում է թուրքական Hurriyet-ը: «Նոր նավամատույցը կկառուցվի հնի տեղում, սակայն, թույլ կտա ավելի շատ այցելուներ ընդունել»,-ասել է Վանի քաղաքապետ Մյունիր Քարաօղլուն:

Այս տարի Կոստանդնուպոլսի պատրիարքարանը բարձրաստիճան այցելուների չի սպասում, ինչպես նախորդ տարի: Այդ մասին Hurriyet-ին է հաղորդել Կոստանդնուպոլսի աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանը: Պատարագը Սբ Խաչ եկեղեցում կմատուցվի սեպտեմբերի 11-ին:

Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել տարեկան հինգ անգամ պատարագ մատուցել Վանա լճի Աղթամար եկեղեցում: Այդ մասին հուլիսի 22-ին Երևանում հայ և թուրք գործարարների հանդիպման շրջանակներում հայտարարել է Վանից ժամանած պատվիրակության ղեկավար, Թուրքիայի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլլահ Թունջդեմիրը: Նա ասել է, որ պատարագ կմատուցվի Հայ Առաքելական եկեղեցու այն տոնական օրերին, որոնք կընտրի ՀԱԵ Կոստանդնուպոլսի թեմը:

2010թ. սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ առաջին պատարագը վերջին 95 տարվա ընթացքում, սակայն գմբեթի խաչը տեղադրվեց միայն երկու շաբաթ անց: Առաջին պատարագին մասնակցել է մոտ 7000 հայ:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---