Dasaran.am նախագիծը 12 տոկոսով բարձրացնում է աշակերտի առաջադիմությունը

Dasaran.am նախագիծը 12 տոկոսով բարձրացնում է աշակերտի առաջադիմությունը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Dasaran.am նախագծի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրեցին եռակողմ համագործակցության համաձայնագիր՝ էլեկտրոնային կրթական համակարգ ստեղծելու մասին։

Հոկտեմբերի 1-ից բոլոր երևանյան դպրոցները կմիանան Dasaran.am նախագծին։ Dasaran.am կայքը կրթական ցանց է, որը միավորում է դպրոցները, աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին։

Dasaran.am-ում յուրաքանչյուր աշակերտ, ուսուցիչ և ծնող իր ծածկանունով ու ծածկագիրով մուտք է գործում կայք։ Այստեղ ստեղծվում է յուրաքանչյուր դասարանի էլեկտրոնային մատյանը և յուրաքանչյուր աշակերտի էլեկտրոնային օրագիրը։ Յուրաքանչյուր ծնող կարող է հետևել իր երեխայի առաջադիմությանը՝ գնահատականներին, բացակայություններին, կիսամյակային միջին գնահատականներին, դասացուցակին և այլն։

Dasaran.am-ում յուրաքանչյուր աշակերտ կարող է նաև գտնել իր համադասարանցիներին, մասնակցել մի շարք մրցույթների, ինչպիսիք են «Գրական մրցույթը», «Լավագույն շարադրությունը» և այլն, ինչպես նաև օգտվել կայքում առկա կրթական ծրագրերից և խաղերից։ Կայքի օգնությամբ կարելի է տեղեկանալ նաև ծնողական ժողովների մասին, տեսնել ուսուցիչների կարծիքը աշակերտների մասին։

Ըստ Արմեն Աշոտյանի, Dasaran.am-ը յուրատեսակ կրթական գործիք է, որը լուծում է մի շարք խնդիրներ։ «Նախ աշակերտի և ծնողի պատասխանատվությունն է բարձրանում կրթական հարցում։ Ցանցը ապահովում է նաև կրթական գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր տարբերակ է»,- ասաց նախարարը և ավելացրեց, որ նախագիծն ունի նաև հակակոռուպցիոն բնույթ. «Այս նախագիծը նվազեցնում է յուրաքանչյուր շինծու գնահատականի առկայությունը, աշակերտ-ծնող-ուսուցիչ «հանցավոր համագործակցությունը»։

Ըստ Սուրեն Ալոյանի, Dasaran.am-ի վիճակագրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր աշակերտի մոտ 12%-ով առաջադիմության աճ է գրանցվել և 20%-ով նվազել են բացակայությունները։

Նախագիծը մինչ օրս գործում էր վճարովի հիմունքներով ՝ ամիսը 1200 դրամ, որից օգտվում էր արդեն Երևանի 46 դպրոցների շուրջ 30 000 աշակերտ և ծնող։ Ինչպես նշեց Սուրեն Ալոյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ այսուհետ ծրագիրը գործելու է ամբողջապես անվճար։

Նախագիծը Երևանի դպրոցներում հաջող մեկնարկելուց հետո առաջարկվելու է Հայաստանի մարզերի դպրոցներին։

4  19.08.11 - ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Աշոտյանի, «Dasaran.am» ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի ու ծրագրի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---