Անահիտ Բախշյանը քաղաքապետին հիշեցրել է կանաչապատ տարածքների սեփականաշնորհումների մասին

Անահիտ Բախշյանը քաղաքապետին հիշեցրել է կանաչապատ տարածքների սեփականաշնորհումների մասին

PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հիշեցում-նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Խմբակցության տարածած հաղորդագրության համաձայն` Բախշյանը նամակում գրել է, որ կրպակների ապամոնտաժումը կարող է վերածվել սոցիալական բունտի, քանի որ այն վերաբերելու է մոտ 1000 ընտանիքի: «Ընդամենը 3 ամիս առաջ, երբ Ձեր հրապարակային ելույթների մեծ մասը վերաբերում էր կանաչ տարածքների պահպանմանը, մեր քաղաքացիները «Հրապարակ» թերթի միջոցով բողոքում էին այն մասին, որ Երևանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի Խուդյակով փողոցի վրա գտնվող փոստի շենքի ու մայթի միջև գտնվող կանաչ տարածքում շինարարություն է իրականացվում: Անձամբ գնացել եմ նշյալ հասցեն ու համոզվել, որ սեփականության իրավունքով տրված հողամասը նախ կենտրոնական փողոցի վրա է և գազոնի շարունակություն, կանաչ տարածք, որը գրավելու մասին տեղի բնակիչները բողոքում էին, իսկ Դուք ինչպես միշտ աներեր եղաք»,- գրված է նամակում:

Նամակի հեղինակը գրում է, որ այս առիթով ապրիլի 5-ին գրված իր դիմումին ի պատասխան, ապրիլի 14-ին քաղաքապետը նամակով հայտնել էր, որ Խուդյակով փողոցի հ. 161/2 հասցեում գտնվող հողամասը 2010 թվականի դեկտեմբերի 28-ին սեփականության իրավունքով տրվել է քաղաքացի Անդրանիկ Վարդանյանին` նշյալ հասցեում հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար:

Հիշեցնելով այս մասին` Անահիտ Բախշյանը հարց է բարձրացրել` կրպակներն ապամոնտաժելու մասին հրապարակայնորեն համոզված խոսելիս, հիշո՞ւմ է արդյոք քաղաքապետը, թե իր օրոք, իր ստորագրությամբ կանաչ տարածքներում շինարարության քանի՞ թույլտվություն է տվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---