Խրիմյան թանգարանում կցուցադրվեն Արշիլ Գորկու և ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններ

Խրիմյան թանգարանում կցուցադրվեն Արշիլ Գորկու և ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հայկական ներկապնակ» նկարիչների միջազգային փառատոնի մասնակիցներին` Սերգո Երիցյանի և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ:

Ինչպես հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից, Ամենայն Հայոց Հայրապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որոնք զորացնում են ժողովուրդների միջև մշակութային կապերը` այդպիսով նպաստելով եղբայրության և համագործակցության առավել ամրապնդմանը: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ միջազգային այս փառատոնը շարունակական կդառնա` առիթ ընծայելով արվեստագետների նորանոր շփումների և փորձի արդյունավետ փոխանակման:

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող գեղանկարներին, դրանց համալրման, ընտրության և ձեռք բերման սկզբունքներին: Նորին Սրբությունը նկարիչներին տեղեկացրեց նաև, որ առաջիկայում Մայր Աթոռում իբրև պատկերասրահ կսկսի գործել Խրիմյան թանգարանը, ուր կցուցադրվեն Արշիլ Գորկու, ինչպես նաև ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---