Սեյրան Օհանյանը շարունակում է ստուգումներ անցկացնել հայկական և ադրբեջանական ԶՈՒ շփման գծում

Սեյրան Օհանյանը շարունակում է ստուգումներ անցկացնել հայկական և ադրբեջանական ԶՈՒ շփման գծում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 22-ին այցելել է Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին: Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, Սեյրան Օհանյանը զրուցել է սահմանը պաշտպանող զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին: Նախարարը հայրենիքի սահմանները պաշտպանողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով: Պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Վայոց ձորի սահմանամերձ Սերս և Խնձորուտ գյուղերի բնակիչներին, հետաքրքրվել նրանց խնդիրներով և խոստացել աջակցել սահմանամերձ այդ համայնքների կենսական մի շարք խնդիրների լուծմանը: Նախարար Օհանյանը բարձր է գնահատել հուլիսի 22-ին զինծառայողներ տեղափոխող մեքենայի վթարից հետո Սերս համայնքի բնակիչների ցուցաբերած առաջին օգնությունը: Նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել համայնքի բուժքույր Զինա Մինասյանին` վիրավոր զինծառայողներին արագ կերպով առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Ելույթ ունենալով զորամասի շարահրապարակում հավաքված զինծառայողների առջև` պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների մասին: Կարևորել մարտական գործողությունների իրականացման ժամանակ զինվորների և հրամանատարների համարձակությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այդ համարձակությունը ձևավորվում է միմիայն փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ցանկացած բարդ իրավիճակներում մենք հասնում ենք հաջողությունների այն զինծառայողների շնորհիվ, ովքեր իրենց կարողությունները օգտագործում են համարձակ կերպով: Յուրաքանչյուր հրամանատար պետք է գնահատի և հարգի իր ենթակայի համարձակությունը, իսկ այդ համարձակությունը ձևավորվում է անհատի անձնական արժանապատվության հարգումով»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---