Բրիտանացի հրապարակախոսը ՀՀ-ում 2 դեսպանների նշանակման մասին. Դիվանագետներն էլ են մարդ

Բրիտանացի հրապարակախոսը ՀՀ-ում 2 դեսպանների նշանակման մասին. Դիվանագետներն էլ են մարդ

PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի հրապարակախոս Օդետ Բազիլը հոդված է հրապարակել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում ամուսնական զույգի նշանակման առնչությամբ: «Այս նշանակումը երկրի հանդեպ անլուրջ մոտեցման արդյունք կամ վկայություն չէ»,- գտնում է հրապարակախոսը:

Ավելի վաղ որոշ բրիտանական թերթեր երկու դեսպանների նշանակումը քննադատող հոդվածներ էին հրապարակել: Բացասաբար էին արձագանքել նաև որոշ հայ գործիչներ:

«Մենք պետք է հիշենք, որ դիվանագետները նույնպես ընտանիք ունեցող մարդիկ են, և նրանք բավական մեծ պատասխանատվություն են կրում միաժամանակ աշխատանքային և ծնողական պարտավորությունների կատարման համար»,- նշում է Բազիլն իր հրապարակման մեջ:

Բազիլը նաև համոզմունք է հայտնել Հայաստանում դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվսի և Քեթրին Ջեյն Լիչի հաջող դիվանագիտական գործունեության վերաբերյալ:

Օգոստոսի 15-ին Մեծ Բրիտանիան իր երկրի նոր դեսպաններին է նշանակել Հայաստանում: Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունը, պ-ն Ջոնաթան Ջեյմս Էյվսը և տ-ն Քեթրին Ջեյն Լիչը (ամուսնական զույգ) նշանակվել են Հայաստանի Հանրապետությունում Նորին Մեծության համատեղ դեսպաններ` հաջորդելով Չարլզ Ջոն Լոնսդեյլին, ով կանցնի դիվանագիտական մեկ այլ աշխատանքի: Էյվսն ու Լիչը կստանձնեն իրենց պաշտոնը 2012 թվականի հունվարին: Նրանց մշտական նստավայրը կլինի Երևանը, իսկ դեսպանի պաշտոնը նրանք կկատարեն 4-ամսյա հերթագայությամբ:

Այս կապակցությամբ բրիտանական Daily Mail-ը գրել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը երկիրը ծաղրի առարկա է դարձնում: Հոդվածի հեղինակներ Մարտին Դելագոյի և Ուիլլ Ստյուարտի կարծիքով, նման երևույթը կարող է թուլացնել Բրիտանիայի դիրքերը մի երկրում, որը Կովկասյան տարածաշրջանում ամենակարևոր ռազմավարական կետերից մեկն է հանդիսանում:

Բացի դրանից, հայ դիվանագետ Արման Նավասարդյանը նշել է, որ միաժամանակ երկու դեսպանների նշանակումը երկրի հանդեպ անլուրջ վերաբերմունքի նշան է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---