12-րդ դասարանցիներին դպրոցներում կպատրաստեն բուհական քննություններին

PanARMENIAN.Net - 12-րդ դասարանի աշակերտների տարեկան գնահատականները կամփոփվեն ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերջում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` նշելով, որ 2-րդ կիսամյակը կնվիրվի կրկնողությանն ու երեխային ընդունելության քննություններին պատրաստելուն:

«Նրանք շարունակելու են սովորել այն 7 առարկաները, որոնցից պետք է քննություն հանձնեն դպրոցն ավարտելու համար: Ուսումնական պլանի 34 ժամը բաժանվելու է այդ 7 առարկաների մեջ: Մնացած ժամանակը կհատկացվի կրկնությանը: Մենք ուզում ենք, որպեսզի երեխան այլևս լրացուցիչ պարապմունքների չգնա»,- ասաց բանախոսը: Հայոց լեզվի և մաթեմատիկայի շտեմարանները պատրաստ կլինեն դեկտեմբերին, իսկ մյուս առարկաների շտեմարանները դեռևս մշակման փուլում են:

Նա նշեց, որ կազմված ուսումնական պլանը տեղադրված է կայքում և իրենք ուսուցչական կոլեկտիվների կողմից ակտիվ քննարկումներ են ակնկալում, քանի որ պլանը ենթակա է փոփոխության:

«Բովանդակային առումով բոլոր խնդիրները կարգավորված են, բայց արդյունքների մասին խոսելը դեռ շուտ է: Երեխաների կողմից դեպի դպրոցը մեծ շրջադարձ է տեղի ունեցել»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ ավագ դպրոցում բացակայությունները նվազագույնն են:

Ավագ դպրոցների յուրաքանչյուր դասարանում լինելու է ոչ ավել, քան 10 աշակերտ. «Մենք արգելում ենք, որ դասարանում երեխաների թիվը ավել լինի: Որոշ դպրոցներում ընդունելությունն արդեն կասեցրել ենք, որպեսզի աշակերտների թիվը դասարանում շատ չլինի»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---