Բակո Սահակյան. Խաղաղությունը կախված է Արցախի ու Ադրբեջանի միջև ռազմավարական հավասարակշռությունից

Բակո Սահակյան. Խաղաղությունը կախված է Արցախի ու Ադրբեջանի միջև ռազմավարական հավասարակշռությունից

PanARMENIAN.Net - Ռազմաքաղաքական տեսակետից Արցախի համար առաջնային է Ադրբեջանի հետ ռազմավարական հավասարակշռության պահպանումն ու ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Ինչպես «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, միևնույն ժամանակ Արցախը բանակցությունների և երկխոսության ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է և ամեն ինչ անում է դրա համար: «Տարածաշրջանում խաղաղության պահպանումը շատ բանով կախված է Արցախի և Ադրբեջանի միջև ռազմավարական հավասարակշռության արդյունավետությունից»,-ասել է նա: Ըստ նրա, Արցախի համար կարևորագույն քաղաքական հարց է նաև ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը: «Մենք հասկանում ենք, որ դա հեշտ հարց չէ, և դրան հասնելու համար պահանջվում են ժամանակ ու ջանքեր: Սակայն ԼՂՀ իշխանություններն ու ժողովուրդը լի են վճռականությամբ՝ հետագայում նույնպես պայքարելու հանուն միջազգային հանրության կողմից մեր պետության անկախության ճանաչման։ Մեզ համար կարևորագույն քաղաքական խնդիր է նաև կառավարման համակարգի մշտական կատարելագործումը, ժողովրդավարական բարեփոխումների հետագա խորացումը և քաղաքացիական հասարակության կայացումը, օրենսդրության արդիականացումը»,-ասել է Սահակյանը: Անդրադառնալով սոցիալ-տնտեսական հարցերին՝ Արցախի նախագահն ասել է, որ ԼՂՀ-ի համար առաջնային են բնակչության, հատկապես նրա սոցիալապես խոցելի շերտերի կենսամակարդակի բարձրացմանն առնչվող հարցերը, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը, տնտեսության այնպիսի ուղղությունների զարգացումը, ինչպիսիք են, օրինակ, էներգետիկան, հանքարդյունաբերությունն ու վերամշակման արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը։ «Մենք հատուկ կարևորություն ենք տալիս ներդրումների ներգրավմանը։ Մեզ մոտ ձևավորվել է բարենպաստ ներդրումային միջավայր, հարկային օրենսդրությունը բավականին ազատական է, հատուկ ուշադրություն է հատկացվում ներդրում կատարողների իրավունքների օրենսդրական պաշտպանության ամրագրմանը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---