Մհեր Բաղդասարյան. Հայաստանին ձեռնտու է ներքին խնդիրների առկայությունը Թուրքիայում

PanARMENIAN.Net - Հայաստանին ձեռնտու է, որ Թուրքիայում միշտ ներքին խնդիրներ լինեն, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Մասնավորապես, անդրադառնալով Թուրքիայի խնդիրներին քրդերի հետ, հայ փորձագետը նշել է, որ տարիներ շարունակ Անկարան օգտագործել է քրդերին հայերի դեմ և այժմ երկրում ստեղծված լարված իրավիճակը ձեռնտու է Երևանին: «Անշուշտ, մեզ համար անցանկալի է անկախ Քրդստանի կազմավորումը, ձեռնտու չէ նաև, որ Թուրքիան մնա հզոր երկիր, հակառակը, մեզ համար շահավետ է, որ Թուրքիայում միշտ լարված ներքաղաքական իրավիճակ լինի»,-ասել է փորձագետը:

Իր հերթին թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, անդրադառնալով այն հարցին, թե կարող է արդյոք Ստամբուլի հայ համայնքը ինչ-որ դերակատարություն ունենալ Թուրքիայի քաղաքական կյանքում, ասել է.«Ստամբուլի հայ համայնքը պայքարում է իր գոյատևման համար, և հազիվ թե կարողանա ինչ-որ դերակատարություն ունենալ երկրի քաղաքական կյանքում»: Ըստ նրա, Ստամբուլի հայերը հզոր ճնշման ներքո են ապրում: «Բանը հասնում է նրան, որ նրանց ներշնչում են, որ իրենք պետք է հրաժարվեն հայ լինելուց»,-ասել է նա:

Քրդերը, չնայած որ 35 մլն բնակչություն ունեն, երբեք պետականություն չեն ունեցել: Այս պահի դրությամբ այդ ժողովուրդը աշխարհում ամենաբազմամարդ ազգությունն է, որը զրկված է ազգային իրավունքներից ու բաժանված է մի քանի պետությունների սահմաններով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---