Աղասի Աբրահամյանը մահացել է զորամասի բուժկետի պետի պատճառո՞վ

PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող 18-ամյա Աղասի Աբրահամյանի մահվան գործով կալանավորվել է մեկ սպա, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՔՕ հատկանիշներով`«իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»:

Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրով զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով տեղի ունեցածին, ասել է, որ օգոստոսի 26-ին տուժող Աբրահամյանը գիշերը զորանոցից դուրս է եկել բնական պահանջը հոգալու։ Սակայն զուգարան գնալու փոխարեն մոտեցել է մի ծառի: Պահակային ծառայություն իրականացնող զինվորը նրան նկատողություն է արել: Արդյունքում լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի: Երբ Աղասին զորանոց է հասնում, վատանում է, վայր ընկնում ու սկսում փսխել։

«Որոշ ժամանակ անց նրան տեղափոխում են զորամասի բուժկետ, մոտ 30 կմ հեռու, և այնտեղ սկսվում է ամենասարսափելին. ծանր վիճակում գտնվող զինվորին ժամեր շարունակ թողնում են անօգնական վիճակում՝ գետնին, անգիտակից վիճակում։ Ժամը 16:00-ից հետո միայն գալիս է բուժկետի պետը, որը ևս, ըստ գործի նյութերի, երկու անգամ հարվածում է Աբրահամյանի դեմքին, հայհոյում՝ իբրև թե նա գլուխ պահող է, սկսում է ոտքով հարվածներ տեղալ։ Այնուհետև Աղասիին տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նա մահանում է»,- ասել է զինդատախազը:

Ըստ Կոստանյանի` միայն դատաբժշկական եզրակացությունից հետո կպարզվի, թե զինվորը ո´ր վնասվածքներն է ստացել զորանացում՝ ծեծկռտուքի ժամանակ, և ո´րը բուժծառայության պետից։ Եվ արդյո՞ք նա ողջ չէր մնա, եթե ժամանակին պատշաճ բուժօգնություն ստանար:

«Չեմ բացառում, որ մեղադրյալների թիվն ավելանա: Հանցագործությանն առնչվող բոլորը և ցանկացած մարդ միանշանակ և մաքսիմալ ձևով ենթարկվելու է պատասխանատվության»,- հայտարարել է զինդատախազը: Օգոստոսի 26-ին 20:30-ի սահմանում անգիտակից վիճակում հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ.):

Մեկ ժամ անց նա մահացել է: Նախօրեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտնել է, որ բժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են բռնության նշաններ: Նա հայտնել է նաև, որ բացահայտվել է այն անձանց շրջանը, որոնք կարող են մեղսակից լինել միջադեպին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---