Էդվարդ Նալբանդյանը քննարկել է ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Էդվարդ Նալբանդյանը քննարկել է ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին (Phillip Lefort):

Շնորհավորելով Ֆիլիպ Լեֆորին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նա կնպաստի Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Հայաստանի արտգործնախարարը նշեց նաև, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները մշտապես հանդիսացել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից և առանձնակի ուշադրության են արժանացել Հայաստան-ԵՄ փոխգործակցության շրջանակներում ներառված բոլոր բնագավառները, որի արդյունքում կողմերը տարեցտարի արձանագրում են նորանոր ձեռքբերումներ` հարաբերություններին հաղորդելով նոր որակ:

Ֆիլիպ Լեֆորն իր հերթին ևս գոհունակություն հայտնեց Հայաստան-ԵՄ դինամիկ զարգացող հարաբերություններում համագործակցության նոր հեռանկարների բացման կապակցությամբ:

Զրուցակիցները անդրադարձան Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցություններին, նշելով, որ վերջին շրջանում զգալի առաջընթաց են արձանագրել: Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորն անդրադարձան նաև Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին և քննարկեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին:

Կողմերը կարևորեցին սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը և անդրադարձան դրա նախապատրաստմանը:

Զրուցակիցները քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Ֆիլիպ Լեֆորը ԵՄ անունից աջակցություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին:

 Ուշագրավ
---