Հայ փոքրիկ երգչուհին հիացրեց չեխ և սլովակ հեռուստադիտողներին

Հայ փոքրիկ երգչուհին հիացրեց չեխ և սլովակ հեռուստադիտողներին

PanARMENIAN.Net - Չեխիայում և Սլովակիայում անցկացվող «Չեխիան և Սլովակիան ունի տաղանդ 2» հեռուստաշոուի առաջին փուլում, երբ անցկացվում էր մասնակիցների ընտրությունը, փայլուն հանդես եկավ 9-ամյա Դիանա Քալաշովան, ով ոչ միայն անցավ հաջորդ փուլ, այլև ժյուրիի նախագահ, հայտնի չեխ երգչուհի Լուցիե Բիլայից ստացավ հիացական գնահատականներ, հայտնում է Չեխիայի հայ համայնքի կայքը:

Փոքրիկ Դիանան, ով իր ելույթի ավարտին բեմ հրավիրեց նաև ծնողներին, իր ձայնով զարմացրեց ու գերեց բոլորին։ Ժյուրիի անդամները և ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էին հայազգի փոքրիկ երգչուհուն։ Նա անգլերեն լեզվով կատարեց Ջենիֆեր Ռաշի «Սիրո ուժը» երգը։ Դիանան պատասխանելով ժյուրիի անդամների հարցերին` նշեց, որ ինքը ծագումով Հայաստանից է և դպրոցում սովորում է միայն ամենաբարձր գնահատականներով։ Լուցիե Բիլան բարձրացավ բեմ, կանգնեց երգչուհու կողքին և համբուրելով նրան` ասաց, որ թե' նախկինում, թե' հիմա և թե' ապագայում դժվար թե իրենց շոուն նման տաղանդ տեսնի և ինքը երջանիկ է, որ ներկա է նրա առաջին ելույթին։ Երգչուհին նաև առաջարկեց Դիանային ապագայում իր հետ երգել և նրանից ստացավ դրական պատասխան։ Բիլան նաև նշեց, որ իսկական երգչի համար Դիանան ամեն ինչ ունի` գեղեցկություն, համեստութուն, ձայն և, իհարկե, հիանալի ծնողներ։ Ժյուրիի սլովակ անդամ Յարոսլավ Սլավիկը, Դիանային համարելով նոր աստղ և տաղանդ, հիշեց հայկական արմատներ ունեցող ամերիկահայ երգչուհի Շերին, ընդգծեց նրանց գենետիկ կապը և հաստատեց, որ Դիանան էլ Ջենիֆերի նման փայլուն կատարեց այդ երգը։

Առջևում դեռ մրցությի հաջորդ փուլերն են, իսկ վերջում նաև կլինի հեռուստադիտողների քվեարկություն, իսկ չեխական թերթերն արդեն գրել են, որ Բռնո քաղաքում տեղի ունեցած մրցույթի առաջին փուլում Բիլան արդեն ընտրել է իր ֆավորիտին։ Դիանան ծնվել է 2002 թվականին ռուսական Նովոկուզնեցկ քաղաքում, իսկ 2003 թվականից ապրում է Պրահայում։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, իսկ այս տարի նաև` Ղրիմում անցկացված «Նոր ալիք» երգի փառատոնին, ուր հասել է մինչև եզրափակիչ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---