Գյումրեցի դպրոցականների ֆիլմը հաղթել է արգենտինականի կինոփառատոնում

Գյումրեցի դպրոցականների ֆիլմը հաղթել է արգենտինականի կինոփառատոնում

PanARMENIAN.Net - «Ազնավուրի հրապարակ» ֆիլմը հաղթել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած «Նուևա Միրադա» 10-րդ միջազգային պատանեկան ֆիլմերի կինոփառատոնում` արժանանալով փառատոնի փաստագրական ֆիլմերի համար տրվող «Նոր մոտեցում» անվանակարգի մրցանակին:

«Ազնավուրի հրապարակ» ֆիլմը նկարահանվել է 2010 թվականին: Հեղինակները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Գյումրիի էկոակումբի դպրոցական սաներն են։ Ֆիլմը ներկայացնում է պատանիների հետաքննությունը իրենց քաղաքի աղբահանության խնդիրների վերաբերյալ: Ըստ հեղինակների, աղբահանությունն այսօր մեծ խնդիր է Գյումրիում, և թեև Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, այնուամենայնիվ նույնիսկ կենտրոնական փողոցները, այդ թվում քաղաքի Շառլ Ազնավուրի անվան նորակառույց հրապարակը, շարունակում են աղբի մեջ մնալ: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են ոչ միայն քաղաքի աղտոտված պատկերը, այլ փորձում են հասկանալ, թե ինչպես են այդ խնդրով զբաղվում պատասխանատու այրերը. հեղինակների կինոխցիկը «որսացել» է այրերի անգործությունը և պաշտոնական մեկնաբանություններից հրաժարումը:

Պատանիներն առանց մեկանաբանությունների դիտողին ներկայացնում են, թե ինչպես այդ անգործության արդյունքում քաղաքի բազմաթիվ բնակիչներ մինչ օրս ապրում են անարժանապատիվ կյանքով` աղբի և փլատակների անլուծելի խնդիրների մեջ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---