Կայացավ Մոնա-Մարիան Մարիկյանի «Հույսը զորավիգ» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կանադահայ գրող Մոնա-Մարիան Մարիկյանի «Հույսը զորավիգ» գրքի շնորհանդեսը: Հիմնվելով պատահաբար գտած հոր օրագրի, ինչպես նաև իր ու ընտանիքի անդամների հիշողությունների վրա` Մոնա-Մարիան Մարիկյանը պատմում է ծնողների աներևակայելի ոդիսականը: Վավերագրությունն արտացոլում է այն սփյուռքհայերի առօրյան, ովքեր 1948-ին, կոմունիստական վարչակարգի օրոք, ներգաղթեցին Սովետական Հայաստան:

Չնայած կրած տառապանքներին, զրկանքներին ու հալածանքներին, անգամ սիբիրյան աքսորին` հայրենադարձները կամքով ու համառությամբ հաղթահարեցին դժվարությունները: Կոմունիստական հայրենիքը նրանց համար կյանքի «համալսարան» դարձավ: ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, անդրադառնալով գրքի բովանդակությանը, նաև շեշտեց, որ նման միջոցառումները կարևոր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս Հայրենիքում ներկայացնել Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ստեղծագործական հաջողությունները և հակառակը:

«Նման գրքերը հերթական անգամ ցույց են տալիս մեր ժողովրդի դառը պատմությունը, բայց հույս և հավատ ներշնչում, որ ապագան փայլուն է լինելու»,- ավելացրեց տիկին Հակոբյանը:

Գրքի` ֆրանսերենից հայերեն թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը մատնաշնեց, որ այս պատմությունը ոչ թե մեկ հայ ընտանիքի, այլ Ցեղասպանություն ապրած հարյուրավոր հայ ընտանիքների դառը ճակատագրի վառ օրինակ է:

Շնորհանդեսին իր ողջյունի խոսքն էր բերել նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Իրանում ՀՀ առաջին արտակարգ և լիազոր դեսպան Վահան Բարբուրդյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---