ԱՄՆ Ռոդ Այլընդ նահանգում նշել են ՀՀ անկախության 20 ամյակը

ԱՄՆ Ռոդ Այլընդ նահանգում նշել են ՀՀ անկախության 20 ամյակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Ռոդ Այլընդ նահանգի Պրովիդենս քաղաքում տեղի է ունեցել ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված «Ողջույն Հայաստան» խորագրով համերգ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Ռոդ Այլընդի Ֆիլարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի և նահանգի հայ համայնքի երգչախմբերի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Սամուել Վարդի և այլ հեղինակների ստեղծագործությունները:

Համերգին ներկա էին ԱՄՆ սենատոր Շելդոն Վայթհաուզը, Ռոդ Այլընդի քաղաքապետեր, մունիցիպալ իշխանության և հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգը, որը ղեկավարում էր ամերիկաբնակ դիրիժոր Կոնստանտին Պետրոսյանը, անցկացվում էր ՄԱԿ-ում և ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հովանու ներքո:

Որպես օրվա բանախոս, ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը` կարևորելով Հայաստանի անկախության ամրապնդման հարցում սփյուռքի դերակատարումը: Անդրադառնալով արտաքին քաղաքականության ուղղություններին` նա նշել է, որ ցեղասպանության ճանաչումը և կանխարգելումը, տարածաշրջանային խաղաղության պահպանումը Հայաստանի համար համարվում են կարևորագույն խնդիրներ, որոնց լուծման հարցում էական է գործընկեր պետությունների հետ բազմակողմ համագործակցությունը: Դեսպան Նազարյանը հավելել է, որ ՄԱԿ-ում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է սոցիալական, տնտեսական, կայուն զարգացման, ինչպես նաև անդրազգային հանցագործության` այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի հարցերի քննարկմանը, և որ այդ բնագավառում ՀՀ ջանքերը և քայլերը կարևորվում և գնահատվում են միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում դեսպանն անդրադարձ է կատարել 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգությանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---