Կայացավ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի կառավարման խորհրդի վերջին նիստը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության («ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ) կառավարման խորհրդի վերջին` 60-րդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը խորհրդի անդամների ուշադրությանն է ներկայացվել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքն ու արդյունքներն ամփոփող տեսաֆիլմ:

Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվելիք հատկացման վերջին` 21-րդ հայտը` կից փաստաթղթերով: Համաձայն հայտի` ծրագրի փակման ժամանակահատվածի (հոկտեմբեր 2011 թ. - հունվար 2012 թ.) համար «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 16 մլն 661 հազար ԱՄՆ դոլար: Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի մասով նախատեսված այս ֆինանսավորումն օգտագործվելու է շինարարական կազմակերպություններին վերջին վճարումները կատարելու համար, ներառյալ նախկինում պահված հետերաշխիքային գումարները` շինարարների կողմից համապատասխան բանկային երաշխիքներ ներկայացնելուց հետո: Վերոհիշյալ ծախսերի կատարումից հետո «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 176 մլն 491 հազար ԱՄՆ դոլար: Հաջորդիվ խորհուրդը որոշում է ընդունել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի փակման պլանի վերանայված տարբերակը հաստատելու մասին:

Ամփոփելով նիստը` վարչապետը նշել է, որ ահռելի մեծ ծավալի աշխատանք կատարվեց հինգ տարվա ընթացքում: «Արդյունքներն, իսկապես, ակնառու են, շոշափելի, և կարևորը` տեսանելի մեր քաղաքացիների համար: Աշխատանքը հեշտ չէր, կարծում եմ` այն աշխատանքը հաջողվեց: Պետք է շնորհակալություն հայտնենք դեսպանատան աշխատակիցներին, «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին, անձամբ Ալեքս Ռասինին ծրագրին շահագրգիռ մասնակցության և սրտացավ մոտեցման համար, ինչի նպատակն էր, որ ծախսված միջոցները ծառայեն բուն նպատակին»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---