Լևոն Ջուլֆալակյանը հուսով է, որ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները դեռ կկարողանան Օլիմպիադայի ուղեգրեր նվաճել

Լևոն Ջուլֆալակյանը հուսով է, որ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները դեռ կկարողանան Օլիմպիադայի ուղեգրեր նվաճել

PanARMENIAN.Net - «Ստամբուլի աշխարհի առաջնությունում ես ավելին էի ակնկալում տղաներից, սակայն, կարծում եմ, նրանք նորմալ են հանդես գալիս: Ռոման Ամոյանն ու Յուրի Պատրիկեևը աննշան սխալներ թույլ տվեցին՝ զրկվելով մեդալներից: Ես շատ գոհ եմ երիտասարդ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ելույթից, որը շատ մոտ էր մեդալի կամ ուղեգրի նվաճմանը: Մեր ըմբիշներից մրցավարների որոշման պատճառով մեդալից զրկվեց միայն Ալեքսանյանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է Հայաստանի հավաքականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Աշխարհի առաջնությունում, որտեղ խաղարկվում էին նաև Օլիմպիական խաղերի ուղեգրեր, միակ մեդալը նվաճեց Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը: Մինչև 74 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշը նվաճեց բրոնզե մեդալն ու ապահովեց իր մասնակցությունը 2012թ. Օլիմպիական խաղերին:

«Ես գոհ եմ նաև Վահան Ջուհարյանի ու Արսեն Ջուլֆալակյանի ելույթներից: Արսենն իր բոլոր մենամարտերը բարձր մակարդակով անցկացրեց և ընդամենը մեկ վայրկյանով թուլացրեց պայքարը թուրք Սելջուկ Չեբիի հետ մենամարտում, և դա նրա համար վճռորոշ դարձավ: Սակայն, բոլոր դիտորդները նշեցին, որ Արսենն իր մրցակցից ավելի ուժեղ էր երևում»,-ասել է Հայաստանի հավաքականի մարզիչը:

Ջուլֆալակյանը զիջեց Չեբիին նաև Մոսկվայում 2010թ. աշխարհի առաջնության եզրափակչում, երբ թուրք մարզիկը արգելված յուղեր էր օգտագործել: «Ես ակնկալում էի, որ մեր ըմբիշները կկարողանան ուղեգրեր նվաճել վարկանիշային մրցաշարերում, որոնք մեկնարկում են 2012թ. ապրիլին»,-ասել է Ջուլֆալակյանը:

Ստամբուլում աշխարհի առաջնությունում հայ մարզիկների համար վիճակահոնությունն անհաջող էր, բոլոր 7 ըմբիշները մրցումները սկսեցին որակավորման փուլից: «Վիճակահանությունից շատերն էին դժգոհ, քանի որ այն ֆիկտիվ էր: Բոլորն էին տեսնում , որ ադրբեջանցի ու թուրք ըմբիշները հանդիպում էին թույլ մրցակիցների հետ»,-ասել է Ջուլֆալակյանը:

Թուրքերին օգնեց այն, որ առաջնությունն անցնում էր նրանց երկրում, իսկ ադրբեջանցիների համար առավելությունն այն է, որ Ataholding ադրբեջանական ընկերությունը FILA-ի հետ 6 մլն դոլարի պայմանագիր է կնքել 2013-2016թթ. համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---